Logo

 «Աերոֆլոտը» 3 ամսից ստիպված կլինի ապամոնտաժել իր ինքնաթիռները․ պահեստամասերի պակաս կա

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:17 / 23.05.2022Լրահոս
Աերոֆլոտ

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով շուտով կբախվի իր Boeing և Airbus ինքնաթիռների պահեստամասերի պակասի խնդրին, գրում է Bloomberg-ը։

Ավիացիոն ոլորտում բիզնես-վերլուծություն իրականացնող IBA ընկերության փորձագետների գնահատմամբ՝ օդանավերի պարկի աշխատանքը և շահագործումը պահպանելու համար «Աերոֆլոտը» երեք ամսից պետք է սկսի իր ինքնաթիռների որոշ մասի ապամոնտաժումը՝ վերածելով դրանք պահեստամասերի: Գոնե մոտ ապագայում հնարավոր չի լինի փոխարինել Boeing-ի ու Airbus-ի արտադրանքը ռուսական ինքնաթիռներով։

Bloomberg-ը նաև նշում է, որ Ուկրաինայում պատերազմը վերջ դրեց միջազգային մրցանակների արժանացած ռուսական ավիաընկերության հավակնոտ ծրագրերին, որն ուներ ինքնաթիռների նորագույն պարկերից մեկն աշխարհում: Պատժամիջոցների պատճառով «Աերոֆլոտը» ոչ միայն կորցրեց իր ինքնաթիռների պահեստամասերի հասանելիությունը, այլև ստիպված եղավ կտրուկ կրճատել իր արտաքին երթուղային ցանցը: Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբում «Աերոֆլոտը» թռչում էր 56 երկիր, գրում է Bloomberg-ը, իսկ մայիսի կեսերին՝ 13։ Ավիաընկերության ուղևորահոսքը կտրուկ նվազել է։

Փորձագետների կարծիքով՝ ապագայում «Աերոֆլոտը» հիմնականում կլինի Ռուսաստանի ներքին շուկայում աշխատող ավիաընկերություն։