Logo

Twitter-ի եկամուտը վերջին եռամսյակում գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:37 / 29.04.2022Լրահոս
Twitter-incomes

2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 16%-ով:

Ամերիկյան Twitter ընկերության եկամուտը, որին պատկանում է համանուն միկրոբլոգների ծառայությունը, անցած եռամսյակում գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը, ասվում է ընկերության հրապարակված ֆինանսական հաշվետվություններում։

Մարտի 31-ին ավարտված եռամսյա ժամանակահատվածում Twitter-ի եկամուտն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16%-ով:

Ընկերության շահույթն այս տարվա առաջին երեք ամիսներին կազմել է 513,2 մլն դոլար։

CNBC-ի տվյալներով՝ ընկերության ֆինանսական ցուցանիշները չեն արդարացրել փորձագետների սպասելիքները, որոնք Twitter-ի եկամուտը կանխատեսել էին առնվազն 1,23 մլրդ դոլար։

Փաստաթղթում ընդգծվում է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկի՝ ընկերությունը գնելու ֆոնին Twitter-ը չի հրապարակում հաջորդ եռամսյակի սեփական ֆինանսական կանխատեսումը։ 
«Գնման գործարքից հետո Twitter-ը կդառնա մասնավոր ընկերություն»,- նշված է զեկույցում։ 

Ինչպես պարզաբանում է CNBC-ն, հնարավոր է, որ Twitter-ը վերջին անգամ է հրապարակում եռամսյակային հաշվետվություններ։

Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարեց, որ ամերիկացի ձեռնարկատերն ընկերությունը ձեռք կբերի 44 միլիարդ դոլարով: Ըստ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալների, եթե միլիարդատերը որոշի խզել պայմանագիրը, նա պետք է Twitter-ին վճարի 1 միլիարդ դոլար տուգանք: Եթե պայամանագիրը չեղարկի Twitter-ը, փոխհատուցում կստանա Մասկը: Գործարքը կատարելու վերջնական ամսաթիվ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 24-ը:

Twitter-ը սոցիալական ցանց է, որը թույլ է տալիս օգտատերերին փոխանակել կարճ հաղորդագրություններ, անցկացնել հարցումներ, հրապարակել տարբեր պատկերներ և տեսանյութեր։ Ծառայության ստեղծողներն են Ջեք Դորսին, Նոա Գլասը, Էվան Ուիլյամսը և Բիզ Սթոունը։ Twitter-ում առաջին գրառումը տեղադրվել է 2006 թվականի մարտի 21-ին։ Ըստ տեղեկությունների՝ ծառայությունում օրական հրապարակվում է մոտ 500 միլիոն թվիթ։