Logo

2021 թվականը Եվրոպայի և Ասիայի ամենատաք տարին է եղել վերջին 200.000 տարվա ընթացքում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:38 / 16.02.2022Լրահոս

hot weather

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ղեկավար Պետերի Թաալասը հայտարարել է, որ ներկայիս գլոբալ տաքացումն ամենաուժեղն է վերջին 200.000 տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գիտնականը նշել է, որ կան շատ հստակ ապացույցներ առ այն, որ գլոբալ տաքացումը ներկայիս մակարդակով հնարավոր չէր լինի առանց ածխի, նավթի և գազի ինտենսիվ այրման։ Թաալասը հավելել է, որ 2021 թվականը Եվրոպայի և Ասիայի ամենատաք տարին է եղել։ 

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ աշխարհի որոշ մասերում խոնավության ավելացումը, այլ շրջաններում երաշտը և սառցադաշտերի ավելի ակտիվ հալչելը կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած 3 կարևորագույն խնդիրներն են։ 

«Աշխարհի շատ խոշոր գետեր սկիզբ են առնում լեռնային սառցադաշտերից։ Օրինակ, Հնդկաստանը և Չինաստանը մեծ քանակությամբ մաքուր ջուր են ստանում Հիմալայների լեռնային սառցադաշտերից: Եվ քանի որ այս սառցադաշտերը փոքրանում են, ինչը տեղի է ունենում հենց հիմա, աշխարհի խոշոր գետերը գնալով ավելի քիչ են սնվելու ջրով: Մենք դա տեսնում ենք Ասիայում, Եվրոպայում, Ալպերում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: Քանի որ սառցադաշտերը սպառվում են, մենք կունենանք ավելի քիչ խմելու և գյուղատնտեսության համար նախատեսված ջուր»,- հավելել է Պետերի Թաալասը: