Logo

75 000 դոլար արժեցող շուն-ռոբոտը կպաշտպանի հնագույն Պոմպեոսը կողոպտիչներից (տեսանյութ)

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:19 / 04.05.2022Լրահոս
շուն-ռոբոտ

Շներն իսկապես ամենալավն են՝ լինեն իրական, թե՝ ռոբոտներ: Ամերիկյան Boston Dynamics ընկերության ռոբոտ-շունն ապացուցել է, որ ավելի արժեքավոր է, քան կարելի էր պատկերացնել: Մարդուն փոխարինող այս չորքոտանի սարքը գործում է որպես հսկիչ՝ Իտալիայի Պոմպեոսի հնագիտական պուրակում: 

Օգտագործելով իր տեսախցիկներն ու սենսորները, ինչպես նաև մանևրելու զարգացած հնարավորությունը՝ Spot-ը կհետևի օբյեկտին և կպաշտպանի այն: Spot-ը կարող է ստուգել նույնիսկ ամենափոքր տարածքները, հավաքել և գրանցել տվյալներ, որոնք օգտակար են անվտանգության և կառուցվածքային խնդիրներ լուծելու համար: Մութն ընկնելուց հետո Spot-ը սկսում է գործել այնպես, ինչպես ընտանի շների մեծ մասը՝ շրջում է Պոմպեոսում ու հսկում:

շուն-ռոբոտ 1

Spot-ն ուղիղ եթեր է տրամադրում տեղամասից դուրս գտնվող պաշտոնյաներին, աշխատում է ամենադժվար երթուղիներում՝ հավաքելով և գրանցելով տվյալներ, երբ տարածքը ենթարկվում է գերեզմաններ և մասունքներ կողոպտողների հարձակմանը:

շուն-ռոբոտ 2

«Տվյալների վերլուծության այս խելացի հարթակներն անհրաժեշտ հիմք են ստեղծում, որպեսզի նման ստուգումների արդյունքում ռոբոտների հաղորդած տվյալներն օգտագործվեն Պոմպեոսի հնագիտական պարկը պահպանելու համար: Հաճախ գերեզմանների կողոպտիչների փորած թունելներում անվտանգության պայմանները չափազանց անհուսալի են, ուստի ռոբոտի օգտագործումը թույլ կտա մեզ գործել ավելի արագ և լիարժեք անվտանգ»,- Designboom-ի հաղորդմամբ՝ ասել է պարկի գործադիր տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելը: 

75 000 դոլար արժողությամբ Spot-ն իր բազմակողմանի շարժական հարթակով, գեոդեզիական և տվյալների հավաքագրման առանձնահատկություններով հիանալի ընտրություն է ոչ միայն Պոմպեոսի հնագիտական պարկի, այլ նաև մյուս ոլորտների համար: Տեխնոլոգիական ընտանի կենդանին համալրված է երկու մարտկոցով, լիցքավորիչով, պլանշետի կարգավորիչով, 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ պահեստային հիշողությամբ, աշխատում է Ubuntu 18.04 LTS-ով և սնուցման համար անմիջապես միանում է պորտին, ինչպես նաև ներառում է Boston Dynamics API-ներ: