Logo

Dyson-ը ներկայացրել է օդը մաքրող դիմակով ականջակալի նախատիպը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:40 / 31.03.2022Լրահոս
Dyson- ականջակալ

Կենցաղային տեխնիկա արտադրող Dyson-ը ներկայացրել է Dyson Zone-ը՝ զույգ անլար ականջակալներ՝ ակտիվ աղմուկը չեղարկող և օդը մաքրող ներկառուցված դիմակով: Նոր աքսեսուարի թողարկման ժամկետները և արժեքը դեռ չեն նշվում:

Բրիտանական ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով՝ 6 տարվա ընթացքում Dyson-ը պատրաստել է ավելի քան 500 նախատիպ, որոնց վրա փորձարկել են աքսեսուարի տեխնոլոգիաները և կատարելագործել դիզայնը։ Ականջակալներում ներկառուցված են օդային կոմպրեսորներ, որոնք ներծծում են օդը, այն անցնում է երկշերտ ֆիլտրերի միջով և այնուհետև մաքրված օդն ուղղում դեպի օգտատիրոջ քիթը և բերանը, իսկ հատուկ երեսկալները թույլ են տալիս մաքրված օդը հասցնել հնարավորինս մոտ քթին և բերանին:

Բացասական լիցքավորված էլեկտրաստատիկ զտիչ նյութը «որսում» է ալերգենները, քաղաքային աղտոտման մանր մասնիկները մեքենայի արգելակներից և շինարարական աշխատանքների փոշին ու արդյունաբերական աղտոտման այլ աղբյուրներ: Կալիումով հարստացված ածխածնի շերտը վերցնում է ազոտի և ծծմբի օքսիդները, որոնք առկա են մեքենաների արտանետվող գազերում: