Logo

Facebook-ն ու Instagram-ը դիտարկում են օգտատերերի՝ NFT-ներ թողարկելու և վաճառելու հնարավորությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:13 / 21.01.2022Լրահոս

NFT-Facebook-Instagram

Ըստ Financial Times-ի՝ Meta-ն դիտարկում է իր Facebook և Instagram հարթակներում NFT շուկա բացելու հնարավորությունը: Այս կայքերի օգտատերերը կկարողանան տոկեններ տեղադրել իրենց պրոֆիլներում, բացի այդ, ներկայում աշխատանքներ են տարվում նախատիպի համակարգի վրա:

Աղբյուրի համաձայն՝ նախագիծը վաղ փուլերում է և շատ բան կարող է փոխվել մինչև հանրային թողարկումը: Այնուամենայնիվ, ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերում թվային ակտիվների շուկայի նկատմամբ, որն անցյալ տարի հասել է 40 միլիարդ դոլարի: Քննադատները ոլորտն անվանում են «սպեկուլյատիվ փուչիկ», որը սնվում է խարդախություններով և շուկայի մանիպուլյացիաներով: NFT շուկայի առանցքային խաղացողը OpenSea հարթակն է, որը յուրաքանչյուր վաճառքի համար գանձում է 2,5% միջնորդավճար, և միայն վերջին ամսվա ընթացքում ընկերությունը ներգրավել է 300 մլն դոլար ներդրում՝ 13 մլրդ դոլար շուկայական արժեքով, թեև 6 ամիս առաջ այն կազմում էր համապատասխանաբար 100 մլն դոլար և 1.5 մլրդ դոլար։

Ցուկերբերգն անցյալ տարի ասել էր, որ մետավերսում NFT տոկենները կարող են օգտագործվել թվային ապրանքների շուկան սնուցելու համար: Ընկերությունը կարող է աջակցել նկարիչներին, որոնք ցանկանում են մոնետիզացնել իրենց աշխատանքը, չնայած NFT շուկայում այժմ գերակշռում են այնպիսի հավաքածուներ, ինչպիսիք են CryptoPunk-ը և Bored Ape Yacht Club-ը: