Logo

«Ֆիորենտինան» թրիլլերային խաղում հաղթանակ տոնեց «Նապոլիի» նկատմամբ (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:45 / 13.01.2022ՍՊՈՐՏ

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Նապոլին» հյուրընկալել էր «Ֆիորենտինային»:

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, «մանուշակագույնների» կազմում աչքի ընկավ Դուշան Վլահովիչը: Երեք րոպե անց հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Դրիս Մերտենսը: 

45-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով. կոպիտ խաղի համար հեռացվեց Բարտոմեյ Դրագովսկին: Չնայած դրան՝ 58-րդ րոպեին Կրիստիանո Բիրագիի ջանքերով հենց «Ֆիորենտինան» առաջ անցավ հաշվի մեջ: 

84-րդ րոպեին նեապոլյան ակումբը նույնպես մնաց 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Իրվինգ Լոզանոն: 93-րդ րոպեին կոպիտ խաղի պատճառով հեռացվեց նաև Ֆաբիան Ռուիսը՝ տանտերերին թողնելով 9 հոգով:

Երբ «Ֆիորենտինան» արդեն մեկ ոտքով 1/4 եզրափակչում էր, Անդրեա Պետանյան հաշիվը դարձրեց 2:2՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի 105-րդ րոպեին «Ֆիորենտինայի» պաշտպան Լորենցո Վենուտին առաջ մղեց իր թիմին: 3 րոպե անց Կշիշտոֆ Պյոնտեկը խփեց իր թիմի 4-րդ գոլը: 119-րդ րոպեին Յուսեֆ Մալեհը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 5-2:

Այսպիսով՝ Վինչենցո Իտալիանոյի թիմը դուրս է գալիս Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ: