Logo

Բոլոր տեսազանգերը՝ մեկ հավելվածում․ Google-ը միավորում է Meet-ը և Duo-ն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:06 / 02.06.2022Լրահոս
Google-2022

Այն անվճար կլինի բոլոր օգտատերերի համար։

Google-ը հայտարարել է, որ միավորում է տեսազանգերի իր երկու հավելվածները՝ Duo-ն և Meet-ը, մեկ հարթակում, որը կկոչվի Google Meet: Ընկերությունում նշել են, որ այդ միավորումը պետք է օգնի լուծելու մարդկանց միջև ժամանակակից հաղորդակցության որոշ խնդիրներ։

Միաձուլումը տեղի կունենա Duo-ում. ծառայությունը կստանա խոշոր թարմացում, որը կավելացնի Meet-ի բազմաթիվ գործառույթներ: Ծառայությունը հետագայում կվերանվանվի։ Ներկա Meet հավելվածը կկոչվի «Meet Original» և, ի վերջո, կհեռացվի, քանի որ այն արդեն հնացած կլինի:

Duo-ի բոլոր առկա գործառույթները կպահպանվեն, ներառյալ՝ ընկերների և ընտանիքի հետ տեսազանգեր կատարելու հնարավորությունը՝ օգտագործելով հեռախոսահամար կամ էլ․ հասցե: 

Թարմացումը կավելացնի հետևյալ հատկանիշները.

  • վիրտուալ ֆոներ զանգերի համար,
  • «Օրացույցում» հանդիպումների պլանավորման հնարավորություն,
  • տեքստային զրույց զանգերի ընթացքում,
  • սուբտիտրեր իրական ժամանակում,
  • մասնակիցների թվի սահմանաչափի ավելացում 32-ից մինչև 100-ի,
  • ինտեգրում Gmail-ին, Google Assistant-ին, Messages-ին և ոչ միայն:

Ծառայությունների միավորման գործընթացը կսկսվի առաջիկա շաբաթներին և կավարտվի մինչև տարեվերջ։