Logo

Քիմ Քարդաշյանն ու իր 1 միլիարդ դոլարանոց կայսրությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 14.01.2022Լրահոս

Քարդաշյանը փոխել է գեղեցկության չափանիշները, լավ թե վատ` դա այլ հարց է: 
Նա ազդում է այս դարի գեղեցկության չափանիշների վրա:

Քիմ Քարդաշյանը ծնվել է ձեռներեց լինելու համար. անկասկած, այն ամենին, ինչին դիպչում է Քիմը, հաջողություն է ունենում:

Քարդաշյան ընտանիքի առաջին դրվագներն ուշադրության կենտրոնում էին, երբ ընտանիքի հայր Ռոբերտ Քարդաշյան ավագը հանրության ուշադրության կենտրոնում էր որպես Օ.Ջ. Սիմփսոնի փաստաբանը.

Դեբյուտը

Քիմ Քարդաշյանի դեբյուտը զվարճանքի աշխարհում տեղի է ունեցել  2004 թվականին երգչուհի և դերասանուհի Բրենդի Նորվուդի ոճաբանի պաշտոնում: Ոճաբանի հմտությունները Քիմին հնարավորություն են տվել մասնակցել հեռուստատեսային «The Simple Life»-ին, որտեղ նկարահանվել են Փերիս Հիլթոնը և Նիկոլ Ռիչին 2003-ից 2006 թվականներին։

Քիմը, սակայն, հարցազրույցներից մեկում ասել է, որ իր՝ որպես գործարար կնոջ կարիերան իրականում սկսվում է հեռուստատեսությունում հայտնվելուց առաջ՝ ավագ դպրոցում, երբ նա աշխատում էր մանկական բուտիկում և իր հայրիկի գրասենյակում: 2006 թվականին Քիմն իր քույրերի՝ Քորթնի և Քլոե Քարդաշյանների հետ հիմնել է հագուստի «Dash» բուտիկը։ Այդ ժամանակից ի վեր Քիմի և ընտանիքի մյուս անդամների առջև բացվել են անսահման հնարավորություններ՝ կառուցելու այն կայսրությունը, որի մասին այսօր միայն ծույլը չգիտի:

Քիմի համաշխարհային կայսրությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, իսկ եկամուտը բավականին տպավորիչ է. Քիմը 21-րդ դարի ամենահաջողակ և ազդեցիկ դեմքերից մեկն է՝ վերջին շրջանում առաջին անգամ պաշտոնապես միանալով աշխարհի միլիարդատերերի ցուցակին:

2006 թվական - Dash Boutique

Քիմը, Քորթնին և Քլոեն իրենց առաջին համատեղ ձեռնարկությունը՝ The Dash Boutique-ը, բացել են Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքում։ Բիզնեսը, որը գործել է 12 տարի, հագեցած էր բարձրակարգ հագուստի և աքսեսուարների լայն ընտրանիով: Մեծ հաջողությունից հետո քույրերը մասնաճյուղ են բացել նաև Մայամիում և Նյու Յորքում:

“Keeping Up With the Kardashians"

Ընտանեկան հաղորդումը Քարդաշյանների ընտանիքը դարձրել է հանրահայտ։ Այն գերազանցել է մալուխային ցանցի դիտումների ռեկորդները: Այստեղ բացահայտվում են անձնական կյանքի, ընտանիքի և հարաբերությունների մասին գաղտնիքներ:

2009 թվական՝ Քիմի առաջին օծանելիքը

Dash Boutique-ի հաջողությունից հետո Քիմը սկսում է իր առաջին սոլո նախագիծը՝ օծանելիքի արտադրությունը՝ Dashing անվամբ: Սակայն քույրերը գոհ չէին անվան ընտրությունից, և Քիմը ստիպված էր վերանվանել իր բույրը՝ Kim Kardashian Eau De Parfum: Քիմի առաջին օծանելիքի ստեղծման գործընթացը մանրամասն նկարագրված է «Քարդաշյանների ընտանիքը» գրքում։ Օծանելիքում շշալցված են հասմիկի, տուբերոզի, գարդենիայի, տոնկա լոբու, ճանդանի (սանդալ) թարմ նոտաներ:

2009 թվական – ShoeDazzle

Քիմը համագործակցել է Բրայան Լիի, Ռոբերտ Շապիրոյի և M.J.Eng-ի հետ՝ նորաձևության բաժանորդագրության առցանց ծառայություն գործարկելու համար: ShoeDazzle-ի միջոցով Քիմն առաջարկել է կոշիկների, պայուսակների և զարդերի տեսականի: 4 տարի շարունակ ապրանքանիշը միլիոնավոր դոլարներ է վաստակել, իսկ ավելի ուշ առաջարկ է ստացել նորաձևության բաժանորդագրության առցանց ծառայությունից՝ JustFab-ից: 2013 թվականին Քիմն ու գործընկերները վաճառել են բիզնեսը:

2010 թվական -  Kardashian Kard

Kardashian Kard–ը կարող է անհայտ լինել շատերի համար և նույնիսկ զարմանալի, հիմնականում այն պատճառով, որ այն Քիմի անհաջող նախաձեռնություններից մեկն է։ Քարդաշյանը թողարկել է կանխավճարային MasterCard, որն այդպես էլ հաջողություն չի ունեցել:

2011 թվական- Belle Noel Jewelry

Քիմը թողարկել է իր առաջին ոսկերչական գիծը՝ համագործակցելով դիզայներ Պասկալ Մուավադի հետ: Այն կոչվել է Belle Noel: Քարդաշյանն իր գիծը վաճառել է բացառապես Bloomingdales-ում. սակայն, այս մեկը նույնպես հաջողություն չի ունեցել:

2012 թվական - Kardashian Beauty

Համագործակցելով  իր քույրերի հետ՝ Քիմը թողարկել է Khroma Beauty՝ անհաջող կոսմետիկայի շարք, որը հետագայում ներառում էր մազերի խնամք: Հեղինակային իրավունքի խախտման բազմաթիվ հայցերից հետո ապրանքանիշը պետք է վերանվանվեր Kardashian Beauty։ Լոս Անջելեսում գործող կոսմետիկայի Chroma Beauty և Ֆլորիդայի Kroma Beauty ընկերությունները սպառնացել են դատի տալ  քույրերին: Սպառողների կարծիքով՝ ապրանքանիշն ուներ ոչ ստանդարտ բաղադրիչներ, իսկ փաթեթավորումը էժան տեսք ուներ:

2014 թվական - Kim Kardashian Hollywood

Ոււսումնասիրելով այլ ոլորտներ նույնպես՝ Քիմը թողարկում է իր առաջին խաղն iOS-ի և Android-ի համար: Kim Kardashian Hollywood խաղում հոլիվուդյան խաղացողները կարող էին մասնակցել վիրտուալ համերգների և միջոցառումների, ինչպիսին Քիմն ուներ իրական կյանքում: Խաղը գրավել է 23 միլիոն խաղացողի՝ ապահովելով 43 միլիոն դոլար եկամուտ:

 

 

2015 թվական- Selfish Book

Սելֆիի ամենաբուռն շրջանում Քիմը թողարկել է ֆոտոգիրք՝ Selfish անվամբ: Գրքում տեղ էր գտել Քարդաշյանի չհրապարակված սելֆիների հավաքածուն:

2015 թվական - Kimoji

Քարդաշյանը թողարկել է Kimoji հավելվածը՝ 250 էմոջիներով և GIF ֆայլերով, ներառյալ հայտնի լացող դեմքը: Հավելվածը հաջողել է, իսկ Քիմը վաստակել է միլիոնավոր դոլարներ:

2017 թվական - KKW Fragrance (բուրմունք)

Քիմը, համարելով իրեն պարֆյումեր, ստեղծել է KKW բուրմունքը: Հիմնվելով իր նախկին փորձի վրա՝ շարունակել է մեծացնել իր հավաքածուն և թողարկել է 3  նոր բույր՝ Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus և Crystal Gardenia Oud: Այսօր KKW Fragrance-ն առաջարկում է մի շարք այլ բույրեր, ներառյալ հայտնի KKW Body-ն, օծանելիք, որը վաճառվում է Քիմի կոր կազմվածքով ձևավորված սրվակով:

2017 թվական- KKW Beauty

KKW Fragrance-ից հետո Քիմը թողարկել է KKW Beauty ապրանքանիշը, որի շնորհիվ էլ միացել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակին: Իր նախորդ ապրանքանիշի համեմատ՝ KKW Beauty-ն առաջարկում է բարձր արդյունավետության բանաձևեր: Քիմն ընկերության 20%-ը վաճառել է Coty-ին` 200 մլն դոլարով:

2019 թվական - Skims

Քիմը թողարկել է հագուստի ապրանքանիշ՝ Kimono անվամբ: Բառի յուրացման պատճառով մեծ վրդովմունք ու զայրույթ առաջացնելուց հետո Քարդաշյանն իր բիզնեսը վերանվանել է Skims: Այսօր այն բազմամիլիոնանոց ապրանքանիշ է: