Logo

Adidas-ը կրկին դատական ​​հայց է ներկայացրել Nike-ի դեմ՝ «գողության» համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:55 / 14.06.2022Լրահոս
Adidas-Nike

Adidas-ը կրկին դատի է տվել Nike-ին արտոնագրերը խախտելու համար: Հայցը ներկայացվել է Արևելյան Տեխասի դաշնային դատարան։ Այդ մասին գրում է Hypebae-ն։

Nike ապրանքանիշը մեղադրվում է 9 արտոնագրի խախտման համար։ Գերմանական բրենդի պնդմամբ՝ Nike Adapt «խելացի» մարզակոշիկը կրկնօրինակում է Adidas_1-ի տեխնոլոգիան, որը թողարկվել է 2005 թվականին և դարձել «աշխարհի առաջին խելացի մարզակոշիկը, որը զգում ու կարգավորում էր հարմարավետությունն այն կրողի համար»։

Adidas-ը նաև նշել է, որ Nike SNKRS և Adidas Confirmed հավելվածներն ունեն նմանատիպ բնութագրեր: Սակայն վերջինս թողարկվել է 2015 թվականի փետրվարին, իսկ SNKRS-ը՝ նույն տարվա մայիսին։

«Adidas-ը երկար ժամանակ առաջատար է բջջային տեխնոլոգիաների ոլորտում, ներառյալ՝ ֆիթնեսի և առցանց վճարումների հետ կապված տեխնոլոգիաները: Adidas-ն առաջինն էր արդյունաբերության մեջ, որը մարզիկներին տրամադրում է տվյալների համապարփակ վերլուծություն»,- ասվում է ապրանքանիշի հայտարարության մեջ:

Փոխհատուցման հստակ չափը հայտնի չէ։