Logo

Կապիկի ծաղիկ. Որքանո՞վ է դա վտանգավոր և կա՞ արդյոք պատվաստանյութ

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 25.05.2022Լրահոս
կապիկի ծաղիկ-2022

2022 թվականի մայիսին աշխարհով մեկ սկսեց տարածվել կապիկի ծաղկի վիրուսը, որը սովորաբար չի անցնում էնդեմիկ երկրների սահմանները։ Ինչպես է փոխանցվում այս հիվանդությունը, ինչ ախտանշաններ ունի և արդյոք դրա դեմ պատվաստանյութ կա։ Փորձենք պարզել։ 

Եվրոպայում կապիկի ծաղկով մարդկանց վարակման առաջին դեպքը գրանցվել է Մեծ Բրիտանիայում` մայիսի 7-ին։ Վարակվածը վերջերս էր վերադարձել Նիգերիայից։ Հենց Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի երկրներն են դրա տարածման կենտրոնները։ Այն հայտնաբերվել է 1958 թվականին, իսկ մարդկանց մոտ առաջին անգամ` 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ):

Մայիսի 20-ին Մեծ Բրիտանիայում արդեն 20 դեպք էր գրանցվել։ Այնուհետև վիրուսը հայտնաբերվել է Պորտուգալիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և այլ երկրներում։

Մեծ Բրիտանիայում հայտնաբերված որոշ դեպքեր ուղղակիորեն կապված չեն Աֆրիկա մեկնելու հետ, ինչը նշանակում է, որ վիրուսն արդեն փոխանցվել է երկրի ներսում: Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարությունը նշում է, որ հայտնաբերված դեպքերի զգալի մասը եղել է գեյերի և բիսեքսուալ տղամարդկանց շրջանում, և գերատեսչությունը կոչ է անում հասարակության այս հատվածին լինել առավել զգոն: Այն փոխանցվում է հիվանդ մարդու հետ սերտ շփման, ինչպես նաև վարակված անձի հագուստի կամ անկողնային պարագաների հետ շփման միջոցով։ 

«Վիրուսը սովորաբար հեշտությամբ չի տարածվում մարդկանց միջև։ Վարակվելու ռիսկը բնակչության շջանում ցածր է»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։

Մինչև մայիսի 21-ը ԱՀԿ-ն հաստատել էր կապիկի ծաղկի 92 դեպք 12 ոչ էնդեմիկ երկրներից: Կազմակերպությունը նաև պարզաբանել է, որ  հաստատված և կասկածելի դեպքերը կապված չեն վարակված մարդկանց` էնդեմիկ տարածքներ ճանապարհորդության հետ, ինչը «խիստ անսովոր իրադարձություն է»: Այժմ հայտնաբերված դեպքերը կապված են կապիկի ծաղկի արևմտա-աֆրիկյան տարբերակի հետ, որոնք նման են Մեծ Բրիտանիայում, Իսրայելում և Սինգապուրում 2018-2019 թվականներին գրանցված դեպքերին։

Վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից: