Logo

Անտարկտիկա. Հարավային օվկիանոսի հատակը շատ մանրամասն քարտեզագրված է 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:21 / 08.06.2022Լրահոս
Հարավային օվկիանոս

Գիտնականները կազմել են Անտարկտիդան շրջապատող Հարավային օվկիանոսի հատակի լեռների, ձորերի և հարթավայրերի ամենաճշգրիտ քարտեզը:

48 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի այս գծապատկերն առաջին անգամ ցույց է տալիս օվկիանոսի՝ նոր հայտնաբերված ամենախորը կետը՝ 7432 մետրի վրա գտնվող Ֆակտորյան կոչվող վայրը:

Օվկիանոսի հատակի ձևի իմացությունը կարևոր է անվտանգ նավարկության, ծովային միջավայրի պահպանման և Երկրի կլիմայի ու երկրաբանական պատմության ըմբռնման համար:

Բայց մենք դեռ շատ բան ունենք սովորելու։ Հսկայական տեղանքները երբեք պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել:

Հարավային օվկիանոսի միջազգային բաթիմետրիկ քարտեզը (IBCSO) կազմողներին հինգ տարի պահանջվեց, որպեսզի հավաքեն և նորացնեն համապարփակ քարտեզագրման առաջին փորձի արդյունքը, որը հրապարակվել էր 2013 թվականին:

Покрытие

IBCSO-ն և նման այլ նախագծերն ամբողջ աշխարհում աստիճանաբար լրացնում են օվկիանոսի հատակի մասին մեր սուղ գիտելիքների բացերը: Նավերին և նավակներին խորհուրդ է տրվում կանոնավոր միացնել հիդրոլոկատորները՝ խորությունը չափելու համար (բաթիմետրիա), իսկ կառավարություններին, կորպորացիաներին և հաստատություններին կոչ է արվում չթաքցնել տվյալները և հնարավորինս հրապարակայնացնել ինֆորմացիան: Դա դիվիդենտներ է տալիս:

Նոր քարտեզն ընդգրկում է Հարավային օվկիանոսի բևեռի ամբողջ հատակը հարավային լայնության 50 աստիճանից: Դա մեծ բարելավում է ինը տարի առաջվա համեմատ:
Տարբեր պատճառներով անհրաժեշտ են ծովի հատակի ավելի որակյալ քարտեզներ:

Ակնհայտ է, որ դրանք անհրաժեշտ են անվտանգ նավարկության և ձկնորսության համար, քանի որ հենց ծովային լեռների շուրջ են սովորաբար հավաքվում ջրային կենդանիները: Յուրաքանչյուր ծովային լեռ իրենից ներկայացնում է կենսաբազմազանության թեժ կետ:

Բացի այդ, անհարթ ծովի հատակն ազդում է օվկիանոսային հոսանքների վարքագծի և ջրերի ուղղահայաց միախառնման վրա։ Այդ տեղեկությունն անհրաժեշտ է կլիմայի փոփոխությունը կանխատեսող մոդելները բարելավելու համար, քանի որ օվկիանոսներն առանցքային դեր են խաղում մոլորակի շուրջ ջերմությունը տեղափոխելու գործում: