Logo

Արգելվել է Ռուսաստանից դուրս բերել ավելի քան 10 հազար դոլար

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:32 / 02.03.2022Լրահոս
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ավելի քան 10 հազար դոլար արժողությամբ կանխիկ արժույթի արտահանումը երկրից։ Այս մասին ասված է Պուտինի հրամանագրում, որը հրապարակված է Կրեմլի կայքում՝ փոխանցում է meduza.io-ն։

Մասնավորապես՝ 2022 թվականի մարտի 2-ից արգելվել է 10 հազար դոլարին համարժեք գումարը գերազանցող և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով հաշվարկված կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով դրամական գործիքների արտահանումը ՌԴ-ից։

Բացի այդ, հրամանագիրն արգելում է «ոչ բարեկամական երկրներից» Ռուսաստանի ոչ ռեզիդենտներին և նրանց կողմից վերահսկվող կառույցներին գործարքներ իրականացնել արժեթղթերի և անշարժ գույքի հետ, ռուբլով վարկեր ստանալ՝ առանց օտարերկրյա ներդրումների վերահսկողության պետական հանձնաժողովի հաստատման:

Նախկինում Ռուսաստանի Դաշնությունից ավելի քան 10 հազար դոլարին համարժեք կանխիկ գումար արտահանելիս պետք է հայտարարագրվեր արտահանվող գումարի չափը։