Logo

Այգի հիմնողին աջակցելուց մինչև հրաժարականի խոստում. շաբաթվա գործնական ընթացքը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 30.04.2021Լրահոս
Բացառիկ
Ցանց - Այգի հիմնողին աջակցելուց մինչև հրաժարականի խոստում. շաբաթվա գործնական ընթացքը

Այգի հիմնողների համար համար գրավի պահանջը մեղմ կլինի

ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու և հատապտղի այգիների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում առանց կարկտապաշտպան ցանցի այգի հիմնող վարկավորված շահառուներն արտոնություն կստանան: Միայն 2020- ին նրանց տրամադրվել է 46 միավոր վարկ՝ շուրջ 5,4 մլրդ դրամ գումարով՝ 494․ 4 հա այգու հիմնման համար։ Սուբսիդավորման գումարը կազմել է 187,3 մլն դրամ: Տրամադրվել է թվով 7 փոխհատուցում՝ 104․7 մլն դրամի չափով՝ 24․2 հա այգու հիմնման համար։

Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված այգեհիմնման համար պահանջվող գումարի մեծության, կարկտապաշտպան ցանցով այգեհիմնում կատարելու դեպքում պահանջվող գրավի չափի և շահառուների մոտ դրա ապահովման միջոցների բացակայության հետ։ Մասնավորապես, գրավի միջոցի բացակայությամբ պայմանավորված տնտեսավարողները վարկերը ձեռք են բերում առանց կարկտապաշտպան ցանցի ներդրման բաղադրիչի։ Տվյալ դեպքում տնտեսավարողի համար այգեհիմնման գործընթացը մնում է անավարտ, քանի որ բնակլիմայական աղետներից այգին պաշտպանելու նպատակով հնարավորություն չի ունենում ներդնել կարկտապաշտպան ցանց։

Ըստ այդմ, առաջարկվում է  կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար վարկավորված շահառուներին հնարավորություն ընձեռել՝ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում դիմել ֆինանսական կառույցին և նույն ծրագրի շրջանակում վարկավորվել՝ կարկտապաշտպան ցանցի անցկացման համար։ Կ

Կարգավորումը հնարավորություն կտա այգեհիմնում կատարող շահառուների համար մեղմել գրավի պահանջի խնդիրը: Այն շահառուները որոնք ցանկանում են այգեհիմնում կատարել կարկտապաշտպան ցանցով, ինչը նախատեսված է ծրագրով, սակայն համապատասխան գրավի անբավարար լինելու պատճառով վարկ են վերցրել առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար, հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում, նույն ծրագրի շրջանակում հիմնված այգին գրավադրել և լրացուցիչ վարկավորվել կարկտապաշտպան ցանց անցկացնելու համար։

Նախարարը պատրաստ է ընդհուպ հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճ չարձանագրվի

Եթե մինչև տարեվերջ Հայաստանում երկնիշ տնտեսական աճ չարձանագրվի, Վահան Քերոբյանը հրաժարական կներկայացնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Այդ մասին նախարարի պաշտոնակատարը նշել է լրագրողների հետ զրույցում:

Վահան Քերոբյանն էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2020- ի նոյեմբերի 26-ին և 2021թ. երկնիշ տնտեսական աճ արձանագրելու հնարավորության մասին խոսել է նշանակումից անմիջապես հետո:

Հայաստանում 2020- ին նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 7.5 տոկոսով:

Եվս 2 մլրդ դրամ՝ Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանային ծրագրի հմար

2021- ի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացմանը:

Ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Նախատեսվում է լուծել  Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևանում առաջնահերթ ծրագրի իրականացումը:

Հին մեքենաները նորով փոխարինելու գործընթացը պարզեցվում է

Աշխարհում լայնորեն տարածված է, որ մարդիկ իրենց մեքենաները հանձնեն և որոշակի գործարքի արդյունքում ստանան նոր ավտոմեքենաներ: Այնինչ գործող հարկային համակարգն այդ պրոցեսի համար նպաստավոր չէ: Թերությունները շտկելու համար կառավարությունը հավանություն է տվել հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին, որը վերաբերում է ավտոմեքենաների ներկրմանը:

Նախագծի նպատակը Հայաստանում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է:

Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռքբերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից:

Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները: Փոփոխությունները կնպաստեն, որպեսզի ավտոմեքենաների պարկը մեր երկրում թարմանա, հեշտ լինի հին մեքենաները նորով փոխարինելը: