Logo

Այրվող մոլորակ․ ՆԱՍԱ-ն հայտնաբերել է աստվածաշնչյան դժոխքը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:41 / 06.06.2022Լրահոս
NASA-biblical hell

Դրանով հանդերձ, համացանցում շատերն այն համարում են հիանալի ադամանդե մոլորակ։

«Ջեյմս Ուեբ» աստղադիտակն առաջիկա շաբաթներին կարող է հնարավորություն տալ հայացք նետել 55 Cancri e մոլորակին: Այն գտնվում է Երկրից 50 միլիոն լուսային տարի հեռավորության վրա և պատկանում է գերերկրային դասին, այսինքն՝ այն զանգվածով ավելի մեծ է, քան մեր մոլորակը, բայց ավելի փոքր է, քան Նեպտունը:

ՆԱՍԱ-ն բացահայտել է, թե ինչ է հայտնի այդ սարսափելի վայրի մասին:
55 Cancri e-ն շատ մոտ է պտտվում մի աստղի, որը նման է մեր Արեգակին: Արդյունքում մոլորակի պայմանները նման են դժոխքի աստվածաշնչյան նկարագրությանը. մակերևույթի ջերմաստիճանը շատ ավելի բարձր է, քան սովորական ժայռաստեղծ հանքանյութերի հալման սատիճանը, ցերեկային մասի մակերևույթը ծածկված է անընդհատ այրվող լավայով:

Ահա, թե ինչպես է ՆԱՍԱ-ն նկարագրում այն.

«Պատկերացրեք, եթե Երկիրը շատ ավելի մոտ լիներ Արեգակին: Այնքան մոտ, որ տարին տևեր ընդամենը մի քանի ժամ: Այնքան մոտ, որ ձգողականության ազդեցությամբ մի կիսագունդն անընդհատ ցերեկային կիզիչ լույսի տակ լիներ, իսկ մյուսը՝ անվերջանալի խավարում։ Այնքան մոտ, որ օվկիանոսները եռային, ժայռերը հալվեին, իսկ ամպերը սկսեին լավա արտանետել»,- ասվում է ՆԱՍԱ-ի բլոգում։

Հավանականություն կա, որ մոլորակն ունի դինամիկ մթնոլորտ, որը տեղափոխում է ջերմությունը: Բայց նաև հնարավոր է, որ այն պտտվում է այնպես, որ օր ու գիշերը փոխարինում են միմյանց, սակայն այդ դժոխային վայրում զով չի լինում։

«Ջեյմս Ուեբի» հզորությունը բավական է այս մոլորակի վրա մթնոլորտի առկայությունը որոշելու համար և պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Աստղադիտակը կսկսի գործել առաջիկա շաբաթներին, կուսումնասիրի 55 Cancri e-ն և LHS 3844 b էկզոմոլորակը, որպեսզի գիտնականները կարողանան ավելին իմանալ Երկրի նման քարքարոտ մոլորակների էվոլյուցիայի մասին: