Logo

70 տարի գահին․ այսօր ամենաերկար թագավորած միապետի՝ Եղիսաբեթ II թագուհու 96-ամյակն է

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:20 / 21.04.2022Լրահոս
Queen Elizabeth II

Եղիսաբեթ II թագուհին ծննդյան 96-ամյակը նշում է իր սիրելի պոնիների հետ: Հակառակ բոլոր ասեկոսեների՝ նա դեռ շարունակում է մնալ գահին և մեծ աշխատանք է կատարում իր թագավորական պարտականությունների շրջանակում։ Ի դեպ, Եղիսաբեթ 2-րդը գահին է ուղիղ 70 տարի. սա ամենաերկար ժամկետն է անգլիական միապետության պատմության մեջ։

Նորին մեծությունը ներկայացել  է մուգ կանաչ վերարկուով և սև կոշիկներով՝ առանց անվասայլակի և օժանդակ ձեռնափայտի։

Եղիսաբեթ II-ը լուսանկարվել է Բուքինգհեմյան պալատի այգում՝ իր սիրելի երկու պոնիների մեջտեղում՝ ծաղկած մագնոլիայի ֆոնին: Շուտով նրանք Վինձորում կմասնակցեն ձիերի ցուցադրությանը, որը համընկնում է թագուհու պլատինե հոբելյանի հետ: Օրվա լուսագրումը կատարել է լուսանկարիչ Հենրի Դալալը, որը ստեղծել է Եղիսաբեթ II-ի դիմանկարը նրա 90-ամյակի ժամանակ։

Queen Elizabeth II - 1

Նորին Մեծություն Թագուհին

Թագուհին ավելի երկար է թագավորել, քան ցանկացած այլ միապետ բրիտանական պատմության մեջ՝ դառնալով շատ սիրված և հարգված կերպար ամբողջ աշխարհում: Նա կատարել է բազմաթիվ պատմական արտասահմանյան այցեր: Հայտնի լինելով իր պարտքի զգացումով և ծառայողական կյանքին նվիրվածությամբ՝ վերջինս կարևոր գործիչ է թագավորությունում:

Նորին Մեծությունը շարունակում է իրականացնել միջոցառումների մի ամբողջ համալիր՝ բարեգործական կազմակերպություններ և դպրոցներ այցելելուց մինչև պետությունների ղեկավարների հյուրընկալումներ, հիշատակի միջոցառումների և տոնակատարությունների կազմակերպումներ:

Թագուհին համայնքային և կամավոր ծառայությունն իր աշխատանքի կարևորագույն տարրերից է համարում։ Նա՝ որպես թագավորական հովանավոր կամ նախագահ, համագործակցում է ավելի քան 600 բարեգործական կազմակերպությունների, ռազմական ասոցիացիաների, մասնագիտական ​​կազմակերպությունների և համայնքային կազմակերպությունների հետ:

Նրա հովանավորությունն ու բարեգործությունն ընդգրկում են լայն շրջանակ՝ երիտասարդության հնարավորություններից մինչև վայրի բնության և շրջակա միջավայրի պահպանություն: 

Թագուհին կատարում է իր բոլոր պարտականությունները՝ անձնական բուռն կյանք ունենալով հանդերձ․ նա դաստիարակել է իր չորս երեխաներին, այնուհետև թոռներին, իսկ այժմ՝ ծոռներին: Էդինբուրգի դուքսը, թագուհու խոսքով, եղել է նրա «ուժն ու աջակցությունը», մինչդեռ թագավորական ընտանիքի մյուս անդամները շարունակում են կենսական աջակցություն ցուցաբերել Մեծ Բրիտանիայում և արտերկրում իրենց աշխատանքի միջոցով:

Queen Elizabeth II - 2

Ահա 10 հետաքրքիր փաստ Եղիսաբեթ 2-րդ թագուհու երկար ու իրադարձություններով լի կյանքի ու կառավարման մասին`

  • Նա ծնվել է Լոնդոնի թաունհաուսներից մեկում։
  • Թագավորական ընտանիքի առաջին կին անդամն է, որ դարձավ բրիտանական զինված ուժերի մշտական հիմունքով ակտիվ անդամ։
  • Իր 21-ամյակի օրը թագուհին խոստացել է իր կյանքը նվիրել պետական ծառայությանը։
  • 1947 թվականին Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ ամուսնության ժամանակ ստացել է ավելի քան 2.500 հարսանեկան նվեր։ 
  • Նա առաջին միապետն է, որի թագադրման արարողությունը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։
  • Առաջին միապետն է, որը բացել է Կանադայի խորհրդարանը։
  • Թագուհին  կյանքի ընթացքում ունեցել է ավելի քան 30 կորգի։
  • Միապետուհին 54 երկրների Համագործակցության ղեկավարն է (Commonwealth of Nations)։
  • Նա պատմության մեջ ամենաշատ ճանապարհորդած միապետն է (ավելի քան 120 երկիր 6 մայրցամաքում)։
  • Որպես թագուհի՝ նրան ծառայել են Մեծ Բրիտանիայի 14 վարչապետներ,այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլը, Մարգարեթ Թետչերը և Բորիս Ջոնսոնը։