Logo

Չավի. «Հնարավոր է՝ մեր լավագույն ֆուտբոլը ցույց տվեցինք»

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:11 / 25.02.2022ՍՊՈՐՏ
Chavi-spaseliqner

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Նապոլիի» նկատմամբ արտագնա հաղթանակից (4:2) հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ վերջապես թիմը բոլոր առումներով արդարացրեց սպասելիքները։

«Հնարավոր է՝ մեր լավագույն ֆուտբոլը ցույց տվեցինք այս մրցաշրջանում։ Ձգտում էինք գերիշխել, և դա ստացվեց մեզ մոտ։ Անչափ գոհ եմ մեր տղաների գործադրած ջանքերից և ցուցադրած խաղի որակից։ Արդյունքն արդարացի է։ Շատ ուրախ եմ մեր ֆուտբոլիստների համար։ Մենք ճիշտ ճանապարհին ենք»,- Չավիի խոսքերը ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Անդրադառնալով խաղի մանրամասներին՝ մարզիչը նշել է. «Ինչպեսև սեփական դաշտում, լավ էինք պրեսինգ կիրառում՝ բարձր, ամեն անգամ, երբ կորցնում էինք գնդակը։ «Նապոլին» նույնպես պրեսինգի էր դիմում մեր կիսադաշտում և թիկունքում ազատ տարածություններ էր ստեղծում։ Անկյունայինը հետ մղելուց հետո դասագրքային հակագրոհ անցկացրինք։ Օգտվեցինք մեր արագաշարժ խաղացողներից։ Հասկացել ենք, թե ինչպես ազատ խաղացող ունենալ և օգտագործել այդ առավելությունը»։