Logo

Դպրոցների կառուցում, նվազագույն պարտք բիզնեսին. շաբաթվա տնտեսական անցուդարձը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 07.05.2021Լրահոս
Բացառիկ
unnamed 3 - Դպրոցների կառուցում, նվազագույն պարտք բիզնեսին. շաբաթվա տնտեսական անցուդարձը

Հանրապետության տարածքում 15 դպրոցի և 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021- ի բյուջեն ավելացել է 2 միլիարդ 942 միլիոն դրամով: Այդ գումարը կհատկացվի քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաթիվ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության համար:

Ինչպես նաև միջոցներ կուղղվեն Արմավիրի Արևիկ համայնքի մոդուլային 144 տեղով մսուր-մանկապարտեզի կառուցման և 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզներ կառուցելու համար նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման և շինաշխատանքների մեկնարկման համար:

ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ:

Երկու ոլորտներում կատարվող գործարքները և հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով:

Հարկ վճարողների հետ կազմակերպված քննարկումներից հետո վերջնական տարբերակում հաշվի են առնվել նաև նրանց առաջարկները` ուղեցույցներն ավելի ընկալելի դարձնելու համար ոլորտի հարկ վճարողներին:

Ցեմենտի ներմուծման համար կսահմանվի 25 հազար, կլինկերի՝ 9 հազար դրամ տուրք

Ազգային ժողովը քննարկել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար դրամ տուրք, կլինկերի ներմուծման համար՝ 9 հազար դրամ:

նախագիծը վերաբերում է ցեմենետի և կլինկերի ներմուծումը  կանոնակարգելուն, լիցենզավորվող գործունեություն դարձնելուն ու որոշակի տուրքով հարկելուն:

Նախագիծն ուղղված է նրան, որ Հայաստանի տնտեսական պոտենցիալը հնարավորինս պահպանվի, և Հայաստանի երկու ցեմենտի գործարաններն աշխատեն:

Ավելի քան 600 բազմաբնակարան շենքի տեխնիկական վիճակն անբավարար է

Հայաստանի Հանրապետությունում առկա շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքից 614-ը (3.2 տոկոս) գտնվում է տեխնիկական անբավարար վիճակում:

Հանրապետությունում կան շենքեր, որոնք 1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեն, որտեղ խնդիրները մի փոքր այլ են: Շենքերի տանիքիների 31 տոկոսն անբավարար է, նկուղների դեպքում՝ 35 տոկոսը, աստիճանավանդակները՝ 14 տոկոս, մուտքերն էլ՝ 50 տոկոս:

Գործարքների թիվն ավելացել է 24 տոկոսով

Հայաստանում 2021 թվականի ապրիլին կատարված գործարքները 8,8 մլն հատով կամ 24 տոկոսով ավելի են 2019-ի ապրիլի ցուցանիշներից: Համեմատությունը 2019-ի հետ է, ոչ թե 2020-ի, որովհետև նախորդ տարի կորոնավիրուսի վարակով պայմանավորված ցուցանիշները նվազել էին:

2021-ի ապրիլին դրամաշրջանառության ծավալները 130 մլրդ դրամով կամ 26,6 տոկոսով ավելի են 2019-ի տվյալներից: Դա վկայում է, որ տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է:

Այս տարվա 4 ամիսների տվյալներով՝ հարկային հավաքագրումները կազմում են 513 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 12,3 մլրդ դրամով, իսկ 2019-ից ավելի է 46,5 մլրդ դրամով:

2021 թվականի 4 ամիսների տվյալներով կատարված գործարքների թիվը 2019-ի համեմատ ավելի է 35,7 միլիոն հատով, իսկ դրամաշրջանառությունն ավելի է 372 մլրդ դրամով:

Պետությունը բիզնեսին ունի պատմական նվազագույնի հասնող պարտք

Կառավարությունը վերջին երեք տարիների ընթացքում 200 միլիարդ դրամի գումար է վերադարձրել բիզնեսին: Ապրիլի դրությամբ պարտքը կազմել է 67,4 միլիարդ դրամ:

2021 թվականի ապրիլի հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ, ինչը Հայաստանի համար պատմական ռեկորդ է: