Logo

«Չեք վճարի ռուբլով, գազ չեք ունենա»․ Ռուսաստանը՝ Եվրամիությանը

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:07 / 29.03.2022Լրահոս
Ռուսաստան- Եվրամիություն-2022

Ռուսաստանը Եվրոպային բնական գազ չի մատակարարի անվճար, եթե ԵՄ-ն հրաժարվի մատակարարումների համար վճարել ռուբլով։ Այս մասին PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է meduza.io-ն։

Կրեմլի խոսնակը նշել է, որ չգիտի, թե ինչ կլինի, եթե ԵՄ-ն հրաժարվի գազի դիմաց վճարել ռուբլով: Նրա խոսքով, երբ Եվրոպայում վերջնական որոշում կայացնեն, Ռուսաստանի իշխանությունները «կուսումնասիրեն, թե ինչ կարելի է անել»։

«Չկա վճար, չկա գազ»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում բարեգործությամբ զբաղվել։

Արտերկրում պահվող ռուսական ոսկեարժութային պաշարների սառեցման ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է «ոչ բարեկամ» երկրներից ռուսական գազի դիմաց վճարումն ընդունել միայն ռուբլով։ Նման երկրների ցանկում ընդգրկված է 46 պետություն, այդ թվում՝ ԵՄ 27 երկիր։

«Մեծ յոթնյակի» երկրներն արդեն հրաժարվել են կատարել Ռուսաստանի պահանջը՝ գազի մատակարարման համար վճարել ռուբլով, և կոչ են արել շահագրգիռ ընկերություններին անել նույնը։