Logo

Էկոտուրիզմ Խոսրովում. ինչպե՞ս են պաշտպանելու բնությունն այցելուներից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 03.02.2021Հոդվածներ
Բացառիկ
unnamed 2 - Էկոտուրիզմ Խոսրովում. ինչպե՞ս են պաշտպանելու բնությունն այցելուներից

Խոսրովի արգելոցում կկազմակերպվի էկոտուրիզմ: Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է մի քանի երթուղով արշավներ իրականացնել՝ վճարովի ծառայությամբ: Վճարումները կկատարվեն օնլայն, կներգրավվեն նաև արգելոցի աշխատակիցները:

Մեր երկրում էկոտուրիզմով շատ ընկերություններ են զբաղվում ներկայում. այն դարձել է մոդայիկ, սակայն ոչ բոլորն են պահպանում էկոյի պահը: Մասնավորապես, ինչպես vnews– ի հետ զրույցում նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը, հաճախ նման արշավներից հետո էկոլոգիական վնաս է պատճառվում, քանի որ զբոսաշրջիկներն աղտոտում են շուրջը, պոկում, փչացնում արժեքավոր բույսեր, թփեր:

«Ես դեմ չեմ էկոտուրիզմի զարգացնամը, սակայն այն պետք է պատշաճ իրականացվի: Բազմիցս ականատես եմ եղել, թե ինչ ավերածություն է եղել Սևանում, ինչպես են ջարդուփշուր արել կարևոր կառույցներ: Խոսրովի արգելոցում էկոտուրիզմն, իմ համոզմամբ, ավելի շատ պետք է ուսուցողական լինի»,- ասաց Սիլվա Ադամյանը:

unnamed 3 - Էկոտուրիզմ Խոսրովում. ինչպե՞ս են պաշտպանելու բնությունն այցելուներից

Նախարարության ծրագրում բնապահպանը նպատակահարմար է գտնում ավելի շատ դպրոցականների, ուսանողների, հետազոտողների ընդգրկումը, որպեսզի սովորելու, բնությանը խնամքով վերաբերելու դասի նմանվի էկոտուրիզմը հատուկ պահպանության վայրերում:

«Այդ ամենն, անշուշտ, պետք է իրականացվի շրջակա միջավայրի նախարարության խիստ հսկողության ներքո, ավելին, յուրաքանչյուր խմբի պետք է պարտադիր ուղեկցի Խոսրովի արգելոցի աշխատակիցը, եթե հարկ լինի, նաև՝ բնապահպանական տեսչության ներկայացուցիչը»,- համոզված է բնապահպանը:

KHOSROV RESERVE2 - Էկոտուրիզմ Խոսրովում. ինչպե՞ս են պաշտպանելու բնությունն այցելուներից

Սիլվա Ադամյանը վստահեցնում է, որ էկոտուրիզմի հարցերով հատուկ պետք է զբաղվի շրջակա միջավայրի նախարարությունը՝ ունենալով շատ լուրջ միջամտություն, կարողանալով իրականացնել խիստ հսկողություն:

Նախարարությունն, իր հերթին, հավաստիացնում է, որ բնապահպանների հորդորները տեղին են և՝ ուշադրության կենտրոնում:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ, բնականաբար, քաղաքացիների թվի սահմանափակում կլինի, որպեսզի մարդկային գործոնի ազդեցությունը արգելոցի տարածքում նվազագույնի հասցվի:

3dc1c5128003e4646e930642c05e16ce - Էկոտուրիզմ Խոսրովում. ինչպե՞ս են պաշտպանելու բնությունն այցելուներից

«Հայտավորվելու են բոլոր տուրիստական օպերատորները, որոնք հետաքրքրված են Խոսրովի արգելոց տուրիստներ տանելու հարցում: Որոշակի վճարումների դիմաց մասնագետները կմատուցեն էկոտուրիզմի ծառայություններ»,- ասաց նախարարը:

Նա հավաստիացրեց, որ Խոսրովի արգելոցի կոնկրետ աշխատակիցներ կզբաղվեն էկոտուրիզմի ոլորտը սպասարկելով:

1015686 - Էկոտուրիզմ Խոսրովում. ինչպե՞ս են պաշտպանելու բնությունն այցելուներից

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը vnews– ին հայտնեց, որ տուրիստների հոսքը կառավարելի կլինի:

«Խոսրովի արգելոցում էկոտուրիզմ իրականացնելը նպատակ է հետապնդում ճանաչելի դարձնել հայրենիքը, հնարավորություն տալ հաղորդակցվելու հայրենի բնությանը: Մշակել ենք շատ հստակ մեխանիզմներ, որպեսզի այցելուն իրեն ազատ զգա, միաժամանակ, որևէ վնաս չհասցվի շրջակայքին»,- ասաց նա:

Աննա Մազմանյանը մանրամասնեց, որ կանխավ ամրագրվելու է այցի օրը, ժամը, մարդկանց քանակը, կանոնակարգվելու է խմբերի հոսքը: Խոսրովի արգելոց մուտք գործելուց առաջ էկոտեսուչները ստուգելու են ամրագրումները:

132649796 10157766806682703 367525445703592332 o 960x960 - Էկոտուրիզմ Խոսրովում. ինչպե՞ս են պաշտպանելու բնությունն այցելուներից

Նախարարի տեղակալը կարծում է, որ կհաջողվի փոխշահավետ գործունեություն իրականացնել, նպաստել ճանաչողական այցերով Հայաստանն է՛լ ավելի սիրելի դարձնելուն: