Logo

ESA-ն հրաժարվել է գործակցել Roscosmos-ի հետ. ՌԴ-ն ինքնուրույն առաքելություն կուղարկի Մարս

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:59 / 18.03.2022Լրահոս
ESA - Roscosmos

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հայտարարել է, որ դադարեցնում է գործակցությունը ռուսաստանյան Roscosmos-ի պետական կորպորացիայի հետ ExoMars ռուս-եվրոպական համատեղ նախագծում՝ Մարսը հետազոտելու նպատակով: Այդ մասին կազմակերպությունը հայտարարությունը է հրապարակել իր պաշտոնական կայքում։

Մարտի 16-17-ը Փարիզում ESA-ի Կառավարման խորհուրդը գնահատել է ExoMars-ի հետ կապված իրավիճակն ուկրաինական պատերազմի ֆոնին և միաձայն որոշել, որ այժմ անհնար է շարունակել գործակցությունը Roscosmos-ի հետ ExoMars-ի առաքելության մասով։

Նախագիծը ենթադրում էր, որ 2022-ի օգոստոս-սեպտեմբերին Բայկոնուրի տիեզերակայանից միջմոլորակային ապարատ կուղարկվի Մարս՝ «Պրոտոն-Մ» հրթիռով։ Ռովերը պետք է ապացույցներ հավաքեր Մարս մոլորակի վրա անցյալում կամ ներկայում կյանքի գոյության մասին:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Ստրուգովեցը, մեկնաբանելով Եվրոպական տիեզերական գործակալության որոշումն, ասել է՝ «ցավում է, որ ESA-ի գործընկերներն իրենց հակառուսական դիրքորոշումը վեր են դասում տիեզերքի ուսումնասիրության համընդհանուր նպատակներից»: 

Roscosmos-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանն ինքն է առաքելություն  ուղարկելու Մարս։ 

«Այո՛, մենք կկորցնենք մի քանի տարի, բայց կկրկնենք մեր վայրէջքի մոդուլը, ապահովենք այն «Անգարա» հրթիռով, և «Վոստոչնի» տիեզերակայանի նոր մեկնարկային համալիրից ինքնուրույն կանցկացնենք այդ հետազոտական արշավը»,- ասել է նա:

ESA-ի ղեկավար Յոզեֆ Աշբախերը կարծում է՝ քանի որ 2022-ի մեկնարկային պատուհանը կորել է, ExoMars-ը Մարսի մակերևույթ ուղարկելը Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի գործընկերների հետ հնարավոր չի լինի մինչև 2026 թվականը: