Logo

Ընդհանուր 4,4 մլրդ դոլար․ Forbes-ը կազմել է ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:57 / 10.02.2022Լրահոս
Ամենաբարձր վարձատրվող աստղեր

Նորզելանդացի կինոռեժիսոր, «Մատանիների տիրակալը» եռերգության ստեղծող Փիթեր Ջեքսոնը գլխավորել է 2021 թվականին ամենաշատ գումարը վաստակած համաշխարհային աստղերի ցանկը։ Համապատասխան վարկանիշը չորեքշաբթի՝ փետրվարի 9-ին, հրապարակել է Forbes հանդեսը։

Այսպիսով, ըստ Forbes-ի, Ջեքսոնը մեկ տարում հարստացել է ռեկորդային 580 միլիոն դոլարով։ Նրա եկամուտների մեծ մասը ստացվել է 1,6 միլիարդ դոլարով իր Weta Digital հատուկ էֆեկտների ստուդիայի վաճառքից: Գործարքը Ջեքսոնին դարձրել է երրորդ միլիարդատեր ռեժիսորը՝ Սթիվեն Սփիլբերգից և Ջորջ Լուկասից հետո։

Երկրորդ տեղում ամերիկացի կատարող Բրյուս Սփրինգսթինն է, որը 12 ամսում վաստակել է 435 մլն դոլար։ Ինչպես նշվում է, երգիչը նույնպես հարստացել է գործարքի շնորհիվ՝ նա կես միլիարդ դոլարով վաճառել է իր երգերի ամբողջ կատալոգի իրավունքները Sony-ի երաժշտական ստորաբաժանմանը։

 Բրյուս Սփրինգսթին

Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի ռեփ կատարող Ջեյ Զին։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 340 մլն դոլար։

Ջեյ Զին

Դերասան Դուեյն Ջոնսոնը՝ Ժայռ մականվամբ, չորրորդ տեղում է՝ 270 միլիոն դոլարով, իսկ հինգերորդում՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ 235 միլիոն դոլարով։

Ցուցակի համաձայն՝ կանանց շրջանում ամենաբարձր վարձատրվողն ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն է։ Նա մեկ տարում վաստակել է 115 միլիոն դոլար և զբաղեցրել 12-րդ տեղը։

Հրատարակության տվյալներով՝ շոու-բիզնեսի 25 ամենաբարձր վարձատրվող ներկայացուցիչների ընդհանուր եկամուտը կազմել է 4,4 միլիարդ դոլար՝ առանց հարկերի։

Նախկինում Forbes-ը կազմել էր TikTok-ում ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանշային ցանկը։ Դրանում առաջին տեղն է զբաղեցրել ամերիկուհի Չարլի Դ'Ամելիոն՝ 17,5 մլն դոլար եկամտով և 133 մլն բաժանորդով։