Logo

Գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է հնչում սև խոռոչի արձագանքը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:15 / 11.05.2022Լրահոս
Սև խոռոչի արձագանք

Կարծես գիտաֆանտաստիկ ինչ-որ բան լինի:

Դեռևս 2003 թվականին գիտնականները Պերսեուս գալակտիկաների կլաստերի կենտրոնում գտնվող սև խոռոչն ասոցացնում  են ձայնի հետ: Հենց այդ ժամանակ աստղագետները հայտնաբերեցին, որ սև խոռոչի արձակած ճնշման ալիքներն առաջացնում են տաք գազի տատանումներ, որոնք կարող են վերածվել ձայնի, որը մարդիկ չեն կարող լսել. այն մոտ 57 օկտավա ցածր է մարդու միջին ընկալածից:

Դրանք լսելու համար ՆԱՍԱ-ի գիտնականները նախկինում հայտնաբերված ձայնային ալիքներն առանձնացրել են ճառագայթային ուղղություններով (այսինքն՝ կենտրոնից դեպի դուրս) և այնուհետև լսելի դարձրել: Դա անելու համար ձայնային ալիքը սկզբնական տոնից դարձրել են 57-58 օկտավա բարձր:

Տեսանյութը նմանակում է խոռոչի ռադարային «սկանավորումը», որը թույլ է տալիս լսել տարբեր ուղղություններով արձակվող ալիքներ: Այս տվյալների տեսողական պատկերը ցույց է տալիս կապույտ և մանուշակագույն ռենտգենյան տվյալներ, որոնք արվել են Chandra աստղադիտակով:

Նմանատիպ նախագիծ են իրականացրել նաև MIT-ի հետազոտողները. նրանք վերցրել են 26 սև աստղերի արտանետումների տվյալները, որոնք ստացվել են ՆԱՍԱ-ի NICER ռենտգենյան աստղադիտակով (NASA’s Neutron star Interior Composition Explorer) և պարզել են, որ 10 դեպքերում բռնկումները բավական մոտ և պայծառ են եղել ռենտգենյան արձագանքները տարբերելու համար: Այն վերածվել է ձայնային ալիքների՝ նույնպես ռադարի վրա սկանավորմամբ:

Նման աուդիոները չեն ստեղծվում մեր հետաքրքրասիրությունը բավարարելու համար. նրանց օգնությամբ գիտնականները հույս ունեն ավելին իմանալ սև խոռոչների էվոլյուցիայի և դրանց բնութագրերի մասին՝ վերլուծելով և համեմատելով նման արտանետումների ռենտգենյան ճառագայթումը: