Logo

Gucci-ի ընտանիքի իրական պատմությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 08.12.2021Հոդվածներ
Բացառիկ
Gucci-ի պատմությունը

27 մարտի, 1995 թվական: Gucci-ի նախկին նախագահը քայլում է Միլանի իր գրասենյակի ուղղությամբ: 3 կրակոց է լսվում օդում՝ փամփուշտները դիպել են նրա մեջքին և հետույքին։ Մաուրիցիո Գուչին ընկնում է գետնին և ստանում ևս մեկ գնդակ, այս անգամ՝ ճակատին։ Նա ակնթարթորեն մահանում է։

Ոստիկանությունն անմիջապես շտապում է հետաքննելու աղմկահարույց գործը: Պայմանագրային սպանության կազմակերպման մեջ շատ կասկածյալներ կային. Gucci կայսրության ժառանգորդի մահը ձեռնտու էր և՛ իր բիզնես գործընկերներին, և՛ իր հարազատներին, և իր պարտատերերին (Gucci-ն լուրջ պարտքերի մեջ է ընկել մեծ զբոսանավերի և շքեղ անշարժ գույքի հանդեպ ունեցած իր կրքի պատճառով): Սակայն հետաքննությունը սկզբում տեսադաշտից բաց է թողնում սպանվածի նախկին կնոջը՝ Պատրիսիա Ռեջիանիին, որի հետ Գուչին ամուսնալուծվել է 1991 թվականին՝ հանուն երիտասարդ սիրուհու։

Զույգը ծանոթացել էր երեկույթներից մեկում, որտեղ Մաուրիցիո Գուչին առաջին հայացքից սիրահարվում է երիտասարդ Ռեջիանիին, որը, նրա խոսքերով, ամբողջովին նման էր Էլիզաբեթ Թեյլորին։

Աղջիկը, սակայն, միանգամից ուշադրություն չդարձրեց կայսրության ժառանգորդին. այդ երեկո նա ժամանել էր փոքրիկ մեքենայով, որն ամենևին չէր տպավորել աղջկան։ Ավելի ուշ, երբ նրանք սկսում են հանդիպել, Պատրիսիան, որպես նվեր, Ferrari է պահանջել Մաուրիցիոյից։

1c40aec86fb7de6488eddd27481fd050 cropped 666x831 - Gucci-ի ընտանիքի իրական պատմությունը

Աղջիկը

Ռեջիանին ծնվել էր աղքատ ընտանիքում, սակայն մանուկ հասակում նրան որդեգրել էր մեծահարուստ ձեռնարկատեր Ֆերդինանդո Ռեջիանին, որն ամուսնացել է նրա մոր հետ։ Այսպիսով, նրա շքեղության հանդեպ ունեցած անհագ ախորժակը շատ երիտասարդ տարիքում էր բացվել, և նորաձևության աշխարհի ամենահայտնի անուններից մեկի կրողի հետ ամուսնանալուց այն միայն ավելանում է…

Մաուրիցիոյի հայրը՝ Ռոդոլֆո Գուչին, կտրականապես դեմ էր նրանց ամուսնությանը: Նա անմիջապես որոշեց, որ Պատրիսիան ուրիշի բախտի որսորդ է, և նույնիսկ փորձեց որդուն հեռացնել ընտանեկան բիզնեսից։ Բայց 1973 թվականին սիրահարները ամուսնացան, իսկ ավելի ուշ երկու դուստր ունեցան՝ Ալեգրան և Ալեսանդրան։

Ընտանեկան կյանքը խաղաղ էր ու երջանիկ, բայց միայն սկզբում:  10 տարի հետո՝ 1983 թվականին Մաուրիցիոն մահացած հորից ոչինչ չի ժառանգում:  Նորաձևության կայսրությունը աստիճանաբար սկսեց կորցնել իր նախկին շքեղությունը, անձնական կյանքը՝ նույնպես:

Կինն սկսեց անվերջ քննադատել Գուչիի՝ ընկերության ղեկավարման ոճը: Նա մեղադրում էր նրան սեփական կարծիքի բացակայության մեջ և ասում էր, որ իր ամուսինը «նման է բարձի, որի վրա մնում է հետքն այն մարդու, ով վերջինն էր քնել դրա վրա»։

Չդիմանալով մշտական ​​վեճերին՝ 1985 թվականին Մաուրիցիոն հավաքում է իրերն ու կարճ գործուղման մեկնում, որտեղից այդպես էլ չի վերադառնում։ Այնտեղ նա սիրավեպ է սկսում Պաոլա Ֆրանկի անունով մի երիտասարդ կնոջ հետ։ Նույնիսկ 1991 թվականին ամուսնալուծությունից հետո Պատրիսիա Ռեջիանին չէր կարողանում հավատալ կատարվածին և շարունակում էր Մաուրիցիո Գուչիին անվանել իր ամուսինը՝ միևնույն ժամանակ մշակելով վրեժխնդրության իր ծրագիրը։

Վիրավորված կինը որոշում է սպանություն կազմակերպել՝ իր էքստրասենս ընկերուհու միջոցով, որն էլ հենց մտքի առաջարկողն էր: Վերջինս գտնում է սպանության կատարողին՝ Բենեդետտո Սերաուլոյին, որը համաձայնվում է կատարել այն վեցանիշ գումարի դիմաց:

Ուղիղ 2 տարի նրանց հաջողվել է հիմարեցնել ոստիկաններին. նրանց հաջողվել է բացահայտել հանցագործությունը միայն այն բանից հետո, երբ 1997 թվականին Պաոլա Ֆրանկին համոզել է քննիչներին դիտարկել սպանված տղամարդու առաջին կնոջ մասնակցության վարկածը։ Հանցակիցները խոստովանեցին իրենց մեղքը, և մեկ տարի դատավարությունից հետո «Գուչիի սև այրին» բանտարկվեց 29 տարով: 2011 թվականին նրան առաջարկել են ժամանակից շուտ տեղափոխվել բաց բանտ, որտեղից նա կարող էր ամեն օր մի քանի ժամով բացակայել՝ աշխատելու կամ այլ գործերի նպատակով, սակայն վերջինը հրաժարվել է։ «Ոչ, շնորհակալություն: Ես երբեք չեմ աշխատել իմ կյանքում, և, իհարկե, չեմ պատրաստվում հիմա սկսել», – պատասխանել է Ռեջիանին դատարանի դահլիճում:

70168ef939da07a4c6e7c8f986e05eac 960x639 - Gucci-ի ընտանիքի իրական պատմությունը

2016 թվականին նա ազատ է արձակվել լավ վարքի դիմաց՝ իր սկզբնական ժամկետից 11 տարի շուտ: Այնուհետև նրան բաժին է հասել սպանված նախկին ամուսնուց կուտակված ալիմենտի ամբողջ չափը։ Այժմ նա ապրում է իր տանը թութակի և սպիտակ շան հետ և հիշում է բանտում անցկացրած տարիները՝ որպես իր կյանքի ամենախաղաղ շրջան։ Դուստրերն ու էքստրասենս ընկերուհին խզեցին Ռեջիանիի հետ բոլոր շփումները:

Մաուրիցիո Գուչիի մասին նա դեռ ջերմորեն է խոսում. «Ես այլ հարաբերություններ նույնպես ունեցել եմ, բայց Մաուրիցիոն դեռ մնում է իմ միակ իսկական սերը»։

Ըստ երևույթին «Գուչիի սև այրին» գրեթե չի զղջում անցյալի համար և լավատեսությամբ է նայում ապագային:

«Ես անհամբեր սպասում եմ հանգիստ կյանք վարելուն՝ շրջապատված մարդկանցով, որոնք գնահատում են ինձ այնպիսին, ինչպիսին ես եմ, ոչ թե այն, ինչ ունեմ», – եզրափակել է նա: