Logo

Հայաստանում կապիկի ծաղկի դեպք չկա գրանցված

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:49 / 16.06.2022Լրահոս
կապիկի ծաղիկ-Հայաստան

Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ կապիկի ծաղկի վարակի դեպք չի գրանցվել։ Այդ մասին VNews-ի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ վկայակոչելով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի հայտնած տվյալները։

«Ի տարբերություն Վրաստանի, մեր երկրում կապիկի ծաղկով հիվանդացության դեպք չկա։ Մեր մասնագետները հետևում են վարակի տարածման ընթացքին տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով, տրամադրվում է մանրամասն տեղեկություն՝ ինչ է իրենից ներկայացնում վարակը, ինչպես պաշտպանվել»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղկով վարակվելու առաջին դեպքը։ Ըստ տվյալների՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում:

Վրաստանի հետ սահմանի անցման կետերում հայկական կողմն իրականացնում է հատուկ միջոցառումներ։ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացրել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման ուղղությամբ։

Կասկածելի ախտանշան է համարվում 38.5 և ավելի բարձր ջերմաստիճանը, որին 1-3 օրվա ընթացքում միանում է ցանը և ավշային հանգույցների բորբոքումը։

Այս պահի դրությամբ աշխարհի 34 երկրում արձանագրվել է այդ վարակի 1704 դեպք։ Հիվանդությունը հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում։