Logo

Սկանդալ Հնդկաստանում. երկրի խոշորագույն ֆոնդային բորսան ղեկավարել է «անմարմին յոգը»

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:44 / 16.02.2022Լրահոս
Հնդկաստանի բորսա

Հնդկաստանի խոշորագույն ֆոնդային բորսան ղեկավարել է անհայտ «յոգը Հիմալայներից»։ Տնօրենը նրան համարել է իր մենթորը և կիսվել նրա հետ ամեն ինչով (դուք արդեն հասկացա՞ք, որ այս պատմությունն առանց խարդախության չի ընթացել)։

Հնդկաստանի ազգային ֆոնդային բորսայի (NSE) նախկին ղեկավար Չիտրա Ռամկրիշնան փակ տեղեկություն էր հաղորդում մի մարդու, որին անվանում էր յոգ՝ Հիմալայներից, և ֆինանսական ու կադրային որոշումներ էր ընդունում նրա խորհուրդների հիման վրա: Այդ մասին գրել են «The Times of India» և «The Indian Express» պարբերականները ՝ վկայակոչելով Հնդկաստանի արժեթղթերի և բորսաների խորհրդի (SEBI) հաշվետվությունը։

NSE-ն Հնդկաստանի գլխավոր բորսան է և աշխարհում խոշորագույնն ածանցյալ առևտրի՝ ակտիվների ծավալներով: 1992 թվականին Չիտրա Ռամկրիշնան այն ստեղծողների թվում էր։ 2009-ին նա նշանակվեց բորսայի կառավարիչ, իսկ 2013-ին ստացավ նաև գլխավոր տնօրենի պաշտոնը՝ դառնալով NSE-ի առաջին կին ղեկավարը։ 2016-ին Ռամկրիշնան հրաժարական տվեց՝ անձնական դրդապատճառներից ելնելով։

2013-ին NSE-ի ղեկավարն իր ռազմավարական հարցերով գլխավոր խորհրդական նշանակեց Անանդ Սուբրամանիանին։ Այս թափուր պաշտոնի համար բաց մրցույթ չի եղել, իսկ Սուբրամանիանը, որը նախկինում հնդկական «Transafe Services» տրանսպորտային ընկերության փոխնախագահն էր, համապատասխան փորձ չի ունեցել: Նախորդ աշխատանքում նա տարեկան ստանում էր 20 հազար դոլարից էլ պակաս գումար (հնդկական ռուփիների հաշվարկով), իսկ նոր վայրում նրան վճարում էին միանգամից 220 հազար, չնայած շաբաթական ընդամենը չորս օր էր աշխատում: Նրա աշխատավարձը 3-10 անգամ ավելի բարձր էր, քան մյուս խորհրդականներինը, և այն ամեն տարի զգալի ավելանում էր:

Սուբրամանիանի նշանակումը և նրա մտերմությունը Ռամկրիշնայի հետ հարցեր առաջացրին NSE-ի մյուս աշխատակիցների մոտ: Նրանք սկսեցին բողոքել SEBI-ին, որ բորսայի ղեկավարը կախում ունի իր խորհրդականից և ոչինչ չի անում առանց նրա հաստատման. Ու, թեև Սուբրամանիանը, ինչպես և Ռամկրիշնան, լքել է բորսան 2016-ին, նրա նկատմամբ հետաքննությունն ավարտվել է միայն այժմ: SEBI-ն եզրակացրել է, որ Ռամկրիշնան Սուբրամանիանին վարձել է մի մարդու խորհրդով, որին անվանել է իր «գուրուն»: Նույն մարդը խորհուրդ է տվել նրան բարձրացնել Սուբրամանիանի աշխատավարձը և նույնիսկ թռչել նրա հետ բիզնես-դասով, ինչն արգելված է NSE-ի կանոններով:

Ռամկրիշնան հայտարարել է, որ իր «գուրուն» յոգ է, «որն ապրում է Հիմալայների լանջերում»: Նրա խոսքով՝ յոգը չունի ֆիզիկական մարմնավորում և կարող է նյութականանալ իր ցանկությամբ։ Նրանք ծանոթացել են 20 տարի առաջ՝ Գանգես գետի ափին, և այդ ժամանակից ի վեր մի քանի անգամ հանդիպել են «սուրբ վայրերում»։ Ռամկրիշնան նրանից խորհուրդներ է հարցրել մասնագիտական և անձնական հարցերի վերաբերյալ։ NSE-ի նախկին ղեկավարն էլեկտրոնային հասցե է տվել կապի համար, քանի որ յոգը չուներ մշտական բնակության վայր, ուր ինքը կարող էր այցելել նրան:

Նա ինտերնետով «գուրուի» հետ շփվել է 2014-2016 թվականներին, օգտագործել են [email protected] էլ. հասցեն: Ռամկրիշնան նրա հետ քննարկել է NSE կադրային քաղաքականությունը, կազմակերպչական կառուցվածքը, ֆինանսական արդյունքները: Յոգի խորհուրդները վերաբերել են ոչ միայն աշխատանքին, այլև կնոջ արտաքին տեսքին։
«Այսօր Դուք հիանալի տեսք ունեք։ Դուք պետք է սովորեք մազերը տարբեր կերպ հարդարել. դա ձեր կերպարը հետաքրքիր և գրավիչ կդարձնի»,- ասվում է SEBI-ի զեկույցում մեջբերված նամակներից մեկում:

Մեկ այլ նամակում «գուրուն» Ռամկրիշնային համոզել է սերտ կապի մեջ լինել Սուբրամանիանի հետ, որին նա անվանում էր Կանչան։ 
«Եթե ես հնարավորություն ունենայի մարդ լինել երկրի վրա, ապա Կանչանը կատարյալ կհամապատասխաներ ինձ»,- ասվում էր ուղերձներից մեկում: 

NSE-ի նախկին ղեկավարը ոչ մի դատապարտելի բան չի տեսել «գուրուի» հետ իր շփման մեջ: 
«Բարձրագույն օղակի ղեկավարները հաճախ են դիմում ոչ ֆորմալ խորհրդատվության։ Ես հավատում էի, որ նրա ղեկավարությունն օգնում է ինձ ավելի լավ վարել գործերը»,- ֆինանսական կարգավորչի հետաքննության ժամանակ հայտարարել է նա:

Բայց կարգավորիչը պարզել է, որ [email protected] էլեկտրոնային փոստով նամակները, որոնք Ռամկրիշնային, իբր, ուղարկել է իր «մենթորը», իրականում գրել է Սուբրամանիանը։ Փոստի հասցեն կապված էր Skype-ի իր հաշիվներին և նրա բջջային  հեռախոսահամարին:

Ընդ որում, SEBI-ի հաշվետվությունից կարելի է ենթադրել, որ «գուրուն» նույնպես գոյություն է ունեցել։ Նամակներից մեկում նա պլանավորում էր համատեղ հանգստի մեկնել Ռամկրիշնայի հետ Սեյշելյան կղզիներ, իսկ մյուսում նշում էր, որ Կանչանը (այսինքն՝ Սուբրամանիանը) պետք է ամսական որոշակի գումար փոխանցի նրան։ SEBI-ն ենթադրել է, որ «գուրուն» օգնել է Սուբրամանիանին ստանալ NSE-ում բարձր վարձատրվող պաշտոն և խնդրել է աշխատավարձի կանոնավոր բարձրացում, իսկ փոխարենը ստացել է գումարի իր բաժինը:

Հնդկաստանի ֆինանսական կարգավորիչը Ռամկրիշնայի պահվածքն անվանել է «կանոնների աղաղակող խախտում»։ Հնդկաստանի ազգային ֆոնդային բորսան ղեկավարում էր անհայտ անձը, իսկ բորսայի տնօրենն ընդամենը խամաճիկ էր նրա ձեռքում, ընդգծվում է SEBI-ի զեկույցում:  Կարգավորիչը NSE-ի նախկին ղեկավարին տուգանել է 400 հազար դոլարով, նրա նախկին խորհրդականին՝ 265 հազար դոլարով: Նրանց երեք տարով արգելել են պաշտոններ զբաղեցնել ֆոնդային շուկայում։ NSE-ն ու նրա երկու թոփ մենեջերները նույնպես տուգանվել են. Նրանք, ըստ SEBI-ի, տեղյակ են եղել Ռամկրիշնայի խախտումների մասին, սակայն չեն խանգարել նրան:

Հնդիկ լրագրող Սուչետա Դալալը, որը գիրք է գրել NSE-ում կոռուպցիայի մասին, Ռամկրիշնայի պատիժը համեմատել է թեթև ապտակի հետ: Դալալը նշել է, որ SEBI-ն այդպես էլ վերջնականապես չի նշել «գուրուի» անունը, թեև էլեկտրոնային փոստի տվյալները ցույց են տալիս, որ դա Սուբրամանիանն է եղել: