Logo

Հնդկաստանում ծնողները դատի են տվել որդուն ․․․իրենց թոռ չպարգևելու համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:30 / 13.05.2022Լրահոս
դատ՝ թոռ չպարգևելու համար

Հնդկաստանի հյուսիսային Ուտարակհանդ նահանգից մի զույգ դատի է տվել միակ որդուն և նրա կնոջը՝ ամուսնությունից վեց տարի հետո իրենց թոռնիկ չպարգևելու համար։

61 և 57-ամյա Սանջիվն ու Սադհանա Պրասադներն ասում են, որ իրենց խնայողությունները ծախսել են որդուն մեծացնելու, օդաչու դարձնելու, ինչպես նաև շքեղ հարսանիքի համար:
Նրանք պահանջում են գրեթե 650 000 դոլար փոխհատուցում, եթե մեկ տարվա ընթացքում թոռ չծնվի:

Որդին ու կինը չեն մեկնաբանում ծնողների արարքը։

Խիստ արտասովոր հայց է ներկայացվել «հոգեկան ոտնձգության» հիմքով։ Պարոն Պրասադն ասել է, որ օդաչու դառնալու նպատակով 2006 թվականին որդուն ուղարկել է ԱՄՆ, որի համար վճարել է 65 000 դոլար:

Նա վերադարձել է Հնդկաստան 2007 թվականին, բայց կորցրել է աշխատանքը, և ընտանիքը ստիպված է եղել ֆինանսապես աջակցել որդուն ավելի քան երկու տարի, հայտնում է Times of India-ն:

35-ամյա Շրի Սագարն, ի վերջո, աշխատանքի է ընդունվել որպես օդաչու: Նրա ծնողներն ասում են, որ պայմանավորվել են նրա ամուսնության մասին Շուբհանգի Սինհայի հետ, որն այժմ 31 տարեկան է, 2016 թվականին՝ հույս ունենալով, որ թոշակի անցնելուց հետո կունենան «թոռնիկ, որի հետ կարող են խաղալ»:

Ծնողները պատմում են, որ վճարել են 5-աստղանի հյուրանոցի հարսանեկան ընդունելության, 80 հազար դոլար արժողությամբ շքեղ ավտոմեքենայի և արտասահմանում մեղրամսի համար:

«Իմ տղան արդեն վեց տարի է, ինչ ամուսնացած է, բայց նրանք դեռ երեխա չեն ծրագրում»,- ասել է պարոն Պրասադը: «Գոնե թոռ ունենանք, որի հետ ժամանակ անցկացնենք։ Յուրաքանչյուր ծնող երազում է թոռնիկ ունենալու մասին: Տարիներ ենք սպասել, որ դառնանք տատիկ-պապիկ»,- հավելել է նա։

Զույգի փաստաբան Սրիվաստավան The National-ին ասել է, որ ամուսինները գումարը պահանջել են «բարոյական չարաշահումների համար»։

Սպասվում է, որ Հարիդվարում ներկայացված զույգի միջնորդությունը դատարան կուղարկվի մայիսի 17-ին: