Logo

Hubble աստղադիտակը ցույց է տվել «անհաջող» գալակտիկան

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:31 / 26.04.2022Լրահոս
Hubble աստղադիտակ

Այն կարող է գրեթե ամբողջությամբ կազմված լինել մուգ մատերիայից։

Hubble աստղադիտակը լուսանկարել է ուլտրադիֆուզային GAMA 526784 գալակտիկան, որը նկարում երևում է որպես աղոտ լույսի  կետ: Այդ օբյեկտը գտնվում է «Հիդրա» համաստեղությունում՝ Երկրից մոտ չորս միլիարդ լուսային տարի հեռավորության վրա:

Ուլտրադիֆուզային գալակտիկաները, ինչպիսին GAMA 526784-ն է, ունեն մի շարք առանձնահատկություններ. դրանք կարող են լինել Ծիր Կաթինի չափ, սակայն դրանցում 100-1000 անգամ քիչ աստղեր կան։ Դա պայմանավորված է նրանցում աստղերի առաջացման համար անհրաժեշտ գազի բացակայությամբ։ Գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող են լինել «անհաջող» սովորական գալակտիկաներ, որոնք չեն կարող զարգանալ, քանի որ կորցրել են իրենց գազի պաշարները ձևավորման վաղ փուլերում:

Նման գալակտիկաներում մուգ մատերիայի պարունակությունը կարող է լինել և՛ չափազանց ցածր, և՛ չափազանց բարձր. դիտվել են ծայրահեղ ցրված գալակտիկաներ՝ մուգ նյութի գրեթե լիակատար բացակայությամբ, մինչդեռ մյուսները բաղկացած են եղել գրեթե բացառապես դրանից: Գալակտիկաների այս դասի մեկ այլ տարօրինակությունը այլ տեսակի գալակտիկաներում չնկատվող վառ գնդաձև զանգվածների անոմալ առատությունն է: 

Գունավոր լուսանկարն արվել է լուսակի տեսանելի և ինֆրակարմիր հատվածների առանձին պատկերներից։ Տվյալները թույլ կտան աստղագետներին ուսումնասիրել այս գալակտիկան՝ օգնելով գնահատել աստղերի չափն ու տարիքը: