Logo

Ի վեջո, ո՞վ է վերահսկելու Հայաստանի արբանյակը տիեզերքում. ԲՏԱ նախարարության մեկնաբանությունը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:49 / 17.06.2022Լրահոս
Բացառիկ
Հայաստանի արբանյակ

SpaceX-ի Falcon 9 հրթիռակրի միջոցով վերջերս ուղեծիր արձակվեցին մի շարք արբանյակներ, այդ թվում՝ Հայաստանին պատկանողը։ Մեր երկրի առաջին արբանյակը, որը կոչվում է ArmSat-1 (Urdaneta-Armsat-1), պատրաստել է Satlantis Microstats իսպանական (բասկյան) ընկերությունը։ Արբանյակը կշռում է 16 կիլոգրամ, ունի 20 սմ լայնություն և 40 սմ բարձրություն, զինված է iSIM-90 տեսախցիկով և դիտակով՝ բարձր որակի լուսանկարներ ստանալու համար։ ArmSat-ը տեղակայված է լինելու 500-550 կիլոմետր բարձրություններում և Երկրի շուրջ մեկ պտույտը կատարելու է 95 րոպեում։ Տիեզերքում սեփական արբանյակն ունենալու ընձեռած հնարավորությունների, այն շահագործելու իրավունքի և հանրապետությունում տիեզերագիտության զարգացման մասին VNews-ը զրուցել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանի հետ։

Հայաստանը պաշտոնապես դարձավ Տիեզերական երկրների ակումբի անդամ․ ի՞նչ նշանակություն ունի դա մեր երկրի համար։

-Տիեզերական գործունեության ոլորտը հնարավորություն է զարգացնելու արդեն իսկ առկա տեխնոլոգիաները՝ կիրառելով դրանք հատուկ պայմաններում: Միևնույն ժամանակ, այն կխթանի Հայաստանում տիեզերական սարքաշինության, ռոբոտաշինության, Երկրի հեռադիտարկման տեխնոլոգիաների և այլ ոլորտների զարգացումը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծի գիտակրթական համակարգում ապագայի մասնագիտությունների ուղղությամբ կրթական ծրագրերի ներդրման և համապատասխան մասնագետների պատրաստման համար:   Հայաստանի Հանրապետությունը կարևորում է տիեզերական գործունեության ոլորտի զարգացումը, ապագայի մասնագետների պատրաստումը և ազգային տնտեսության մրցունակության բարձրացումը: Արբանյակի միջոցով ստացված բոլոր տվյալները ՀՀ սեփականությունն են:

Հայաստանի արբանյակ-2022
 Հայաստանի առաջին արբանյակն ինչպիսի՞ տվյալներ է հաղորդելու Երկիր։

-ARMSAT-1 արբանյակը Երկրային կայան է ուղարկելու Երկրի հեռակա դիտարկման տվյալներ (տիեզերալուսանկարներ):
 
Որոշակի կասկածներ կան արբանյակը վերահսկելու առումով։ Ի վերջո, ո՞ր երկրի հսկողության ներքո է այն աշխատելու։ Տվյալների հասանելիությունն ամբողջությամբ Հայաստանին է վերապահվելո՞ւ, թե՞ այլ երկրի նույնպես։

-Մինչև կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծումն արբանյակի կառավարումն իրականացվելու է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի հրահանգների համաձայն՝ «Սատլանտիս» ընկերության կողմից: Տվյալները փոխանցվելու են գործընկեր երկրային կայանների միջոցով, իսկ դրանց հավաքագրումը, մշակումը և պահպանումը կատարելու է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն:

 

Ո՞րն է սեփական արբանյակ ունենալու կարևորությունն ուղեծրում, ի՞նչ է տալիս դա մեզ։

-Արբանյակի արած տիեզերալուսանկարները կարող են կիրառվել հետևյալ ուղղություններում.
Գյուղատնտեսություն
Շրջակա միջավայրի պահպանություն
Արտակարգ իրավիճակներ
Մի շարք այլ ոլորտներում նաև գիտական նպատակներով
 
Ինչպիսի՞ առաջընթաց ունի մեր երկիրը տիեզերագիտության զարգացման բնագավառում, կա՞ն ապագայի ծրագրեր։ Ունե՞նք փորձարկման փուլում գտնվող նախագծեր, եթե այո՝ որո՞նք են։

-Տիեզերական գործունեության ոլորտը Հայաստանի Հանրապետությունում դեռ վաղ կայացման փուլում է: Գալիք նախաձեռնությունների և ծրագրերի մասին կհայտարարվի, երբ դրանք կգտնվեն գործնական փուլում: