Logo

Իլոն Մասկն առաջին անգամ կհանդիպի Twitter-ի աշխատակիցների հետ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:41 / 14.06.2022Լրահոս
Ilon Mask Twitter

Իլոն Մասկը կհանդիպի Twitter-ի աշխատակիցներին։ Այս շաբաթ կորպորատիվ ժողովի ժամանակ նա առաջին անգամ կդիմի նրանց այն բանից հետո, երբ ապրիլի վերջին համաձայնեց գնել ընկերությունը 44 միլիարդ դոլարով, գրում է Business Insider-ը։

Ըստ աղբյուրների՝ վիրտուալ հանդիպումը նախատեսված է հունիսի 16-ի առավոտյան։

Հրատարակության տվյալներով՝ շատ աշխատակիցներ դժգոհ են Մասկից, որը բացահայտ քննադատել է ընկերությունը, նրա արտադրանքն ու քաղաքականությունը։ Գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը նաև փոփոխություններ կատարեց Twitter-ի պրոդուկտների կառուցվածքում և հայտարարեց գործարքից հետո ծախսերի կրճատմանն ուղղված մի շարք միջոցառումների մասին:

Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Մասկը հետաձգել է Twitter-ը գնելու առաջարկը՝ սպամ հաշիվների հետ կապված վեճի պատճառով։ Գործարքից դուրս գալու սպառնալիքից հետո Twitter-ը հայտնել է, որ ծրագրում է կատարել գործարարի պահանջը և նրան հաշվետվություն տրամադրել սպամ բոտերի և կեղծ հաշիվների ներքին տվյալների վերաբերյալ:

Որոշ վերլուծաբաններ դեռ ենթադրում են, որ Մասկը մտադիր է խզել գործարքը։ Այդ նպատակով լրացուցիչ միջոցներ հայթայթելու շուրջ բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են: