Logo

«Նայեք` որքան գումար ունի».  Հռոմի պապն ասել է` ինչ էր երազում դառնալ մանուկ ժամանակ

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:07 / 07.02.2022Լրահոս

Hromi Pap   

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ մասնակցել է իտալական հեռուստատեսությամբ հեռարձակվող թոք շոուի և պատմել, թե մանուկ ժամանակ ինչ էր երազում դառնալ, ինչպես նաև ասել է, թե ինչ երաժշտություն է սիրում և ով է սիրելի գրողը: Այս մասին հայտնում է RAI պետական հեռուստաալիքը:

Արգենտինայում ապաստանած իտալացի գաղթականների ընտանիքում ծնված Ֆրանցիսկոս պապը հիշել է, որ մի օր շուկայում նկատել է մսավաճառի, որի գոտկատեղին կապված է եղել գոգնոց` գումարի համար հատուկ գրպանիկով:

 «Եվ ես այդ ժամանակ ասացի, որ ուզում եմ մսավաճառ դառնալ: Երբ հարցրին, թե ինչու, ասացի` նայեք` որքան գումար ունի»,-իր հիշողություններով է կիսվել 85-ամյա պոնտիֆիկոսը:

Վատիկանի ղեկավարն ասել է նաև, որ տարված է եղել քիմիայով:

Նա նաև նշել է իր սիրելի գրողին` Ֆյոդոր Դոստոևսկի:

«Կա հարց, որի պատասխանը ես երբեք չկարողացա գտնել` ինչու են տառապում երեխաները: Ես դրա պատասխանը չունեմ: Եվ այս հարցին կարող եմ միայն պատասխանել, որ պետք է տառապել նրանց հետ միասին: Այս հարցում ճիշտ էր Դոստոևսկին»,- ասել է Հռոմի պապը:

Նա նաև նշել է, որ սիրում է շփվել մարդկանց հետ, սիրում է նաև դասական երաժշտություն և տանգո: