Logo

«Ինտերնետ չկա, վայելի՛ր բնությունը» կամ «internet T-Rex dinosaur»

Հեղինակ
Ելենա Մարգարյան
14:02 / 27.04.2022Լրահոս
internet T-Rex dinosaur

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում՝ Ստեփանավանի դենդրոպարկի սկզբնամասի ճանապարհի աջ հատվածում տեղադրված նոր արձանը կոչվում է «internet T-Rex dinosaur»: Արձանի տեղակայման համար ընտրվել է հենց Լոռու մարզը, քանի որ այն զբոսաշրջային առումով չունի մեծ ծանրաբեռնվածություն, իսկ նրա բնությունն իրական համապատասխանություն է արձանի խորհրդին:

Ինչպես VNews Life-ի հետ զրույցում նշեց արձանի հեղինակ Արման Ստեփանյանը՝ այսօր մարդիկ անընդհատ հեռախոսների մեջ են՝ անգամ այն պահին, երբ պետք է պարզապես նայել շուրջն ու հիանալ բնության գեղեցկությամբ:

«Այս արձանը մեծ ազդակ է մարդկանց՝ մի պահ մոռանալ համացանցի ու հեռախոսի մասին»,- ասում է նա:

Google Chrome համակարգում դինոզավրն ինտերնետ չլինելու խորհրդանիշն է, իսկ արձանի վրա գրված է՝ «Ինտերնետ չկա, վայելի՛ր բնությունը»:internet T-Rex dinosaur 1

«Ժամանակակից քաղաքային արվեստում խաղերը ծավալատարածական արձանների վերածելու փորձ արդեն կա, իսկ այս  նախագիծը մետաղական կոնստրուկցիայով դինոզավր է, որն առաջինն է ամբողջ աշխարհում, ինչի շնորհիվ մեծ արձագանք կստանա»,- վստահ է նախագծի հեղինակը:

Արձանը բաղկացած է մետաղական կոնստրուկցիայից և մետաղական ծածկույթից։ Այն առանձնահատուկ և արտահայտիչ տեսք է ձեռք բերում հատկապես երեկոյան և գիշերային ժամերին, երբ ընդհանուր տեսքը և մետաղական գույնը պատվում են RGB գունային լուսավորմամբ։ T- Rex-ի հիմքը բետոնե օվալաձև պատվանդանն է, ընդհանուր քաշը՝ 1․4տ: Այն առաջին արձանն է Հայաստանում, որ լուսավորվում է արևային էներգիայով:

internet T-Rex dinosaur-2
Մեկ այլ առանձնահատկություն ևս ունի արձանը. այն շարժական է և նախատեսվում է ամեն տարի տեղափոխել՝ հանրությանն առավել հասանելի դարձնելու համար: Այսպես, Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ այն տեսնելու հնարավորություն կունենան:

Գյուլագարակից հետո նախատեսվում է այն տեղափոխել Դեբետ և Դսեղ գյուղեր: 

Սա հեղինակի միակ աշխատանքը չէ․ լինելով մասնագիտությամբ միջավայրի դիզայներ՝ նա նպատակ ունի Հայաստանում զարգացնել քաղաքային ժամանակակից արվեստը: 

internet T-Rex dinosaur-3

«Երեխաս ցուրտ ձմռանը». սոցկայքերից մեկում հեղինակն այսպես է նկարագրել նկարը: