Logo

․․․Իսկ մանկությունը մի թռչուն է՝ թելով կապված մեր սրտերից․ այսօր երեխաների տոնն է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:52 / 01.06.2022Լրահոս
երեխաների տոն

«Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է, յուրաքանչյուր հանճար` ինչ-որ չափով երեխա»: 
Շոպենհաուեր

1925 թվականին հունիսի 1-ին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը որոշեց հավաքել մի խումբ երեխաների, որոնք կորցրել էին իրենց ծնողներին, և նրանց համար տոն կազմակերպել։ Տոնն, ըստ չինական ավանդույթի, կոչվում է Վիշապանավերի փառատոն՝ «Դուան – ու ցզե», բառացի՝ «Դինոզավրեր և նավակներ»։ 

Նույն օրը Ժնևում տեղի է ունենում կոնֆերանս՝ նվիրված նոր սերնդի հիմնախնդիրներին։ Այդ երկու իրադարձությունների շնորհիվ ծնվում է գաղափար՝ երեխաներին նվիրված փառատոն կազմակերպել։ 

Հետպատերազմյան տարիներին ամբողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։ Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ։

«Երեխաների ճիշտ դաստիարակությունից է կախված ամբողջ ժողովրդի բարեկեցությունը»:
Կրուպսկայա

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 1-ին։ Այն հաստատել է Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան՝ 1949 թվականին։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950-ին։

Բացի այդ, փոքրիկներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (հունիսի 16)։

«Միայն մանկական երազների իրականացումը կարող է երջանկություն բերել»:
Ֆրեյդ

 

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ամենուր անցկացվում են ավանդական տոներ։ Երեխաների համար կազմակերպվում են զանազան սպորտային մրցույթներ և համերգներ՝ նվերներով ու անակնկալներով: 

«Աշխարհին... մանկա՜ն մաքրություն է պետք»։
Սևակ

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրն ունի իր դրոշը, որի կանաչ գույնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն և հարստություն: Կարմիր, կապույտ, դեղին, սև և սպիտակ պատկերները խորհրդանշում են բազմազանություն և հանդուրժողականություն:

Ճիշտ կենտրոնում գտնվող երկրագնդի պատկերը խորհրդանշում է երկրային տունը և այնտեղ եղած բոլոր բարիքները, որ Աստված շնորհել է մարդկանց` իրար հետ կիսելու և միմյանց հարգելու համար:

Finepro