Logo

James Webb աստղադիտակը ստացել է աստղի և բազմաթիվ գալակտիկաների առաջին հստակ պատկերը 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:03 / 17.03.2022Լրահոս
James Webb

James Webb աստղադիտակն ավարտել է օպտիկական կարգավորումների հիմնական փուլը և ստացել աստղի պատկերը: Այդ մասին հայտնում է NASA-ի կայքը։

Տիեզերական աստղադիտարանի խումբն ավարտել է հայելային տարրերի «նուրբ կարգավորումների» փուլը։ Սա առանցքային փուլ է, որի ընթացքում ստուգվել է յուրաքանչյուր օպտիկական պարամետր և ոչ մի թերություն չի բացահայտվել։ Բացի այդ, չկային աղտոտիչներ կամ այլ տարրեր, որոնք կարգելափակեին լույսն օպտիկայի վրա: Աստղադիտարանը կարողացել է հավաքել հեռավոր օբյեկտների լույսը և ուղղել դեպի գիտական գործիքներ։

Թեև մի քանի ամիս կանցնի, մինչև աստղադիտակը լիարժեք գործարկվի և վերջնականապես ավարտվեն կարգավորումները, աստղագետներն արդեն կարող են եզրակացնել, որ այն հիանալի աշխատում է: Կալիբրացիայի ժամանակ աստղադիտակն ուղղված է եղել 2MASS J17554042+6551277 պայծառ աստղին, սակայն պարզվել է՝ սարքավորումն այնքան զգայուն է, որ հետին պլանում հայտնվել են բազմաթիվ աղոտ աստղեր և գալակտիկաներ։

James Webb-ի հիմնական հայելին հավաքված է 18 վեցանկյուն հատվածներից, որոնք թռիչքի ժամանակ ծալված վիճակում են եղել։ Մինչ աստղադիտարանը կանոնավոր դիտարկումներ կսկսի, այս հատվածները պետք է հավասարեցվեն միմյանց հետ նանոմետրի ճշգրտությամբ: