Logo

«Շարքային աղջկա» կերպարից իսկական լեդի. Ջենիֆեր Էնիսթոնի կերպարանափոխությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 30.05.2022Լրահոս
Jennifer Aniston

Որքան էլ տարատեսակ դերեր մարմնավորի Ջենիֆեր Էնիսթոնը՝ միևնույնն է՝ ամենահայտնին շարունակում է մնալ Ռեյչել Գրինը «Ընկերներ» («Friends») հեռուստասերիալից։ Այս աշխատանքը դերասանուհուն համաշխարհային համբավ է բերել, բայց, միևնույն ժամանակ, դերասանուհուն դարձրել է այն «շարքային աղջկա» կերպարի պատանդը, որն էլ մեծապես ազդել է Էնիսթոնի վրա։

Jennifer Aniston 1

«Ընկերներ» հեռուստասերիալից ի վեր Էնիսթոնը շատ է աճել մասնագիտական առումով՝ «լավագույն ընկերոջ արտաքինով» աղջկանից վերածվելով իսկական լեդիի։

Եկեք վերհիշենք դերասանուհու ոճային վերափոխման ճանապարհը՝

Ջենիֆեր Էնիսթոնը հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասաններից է։ Սակայն կարիերայի սկզբում դա ամենևին էլ այդպես չէր. Էնիսթոնը գրեթե մեծ դերեր չէր ունենում։ Դերասանուհու գործակալը նրան խորհուրդ է տվել նիհարել 14 կգ, չնայած այն հանգամանքին, որ նա բավականին նիհար էր՝ բացատրելով, որ տեսախցիկը հավելյալ քաշ է ավելացնում։ Ընդունելով խորհուրդը՝ Ջենիֆերը ստանում է Ռեյչել Գրինի դերը, որն էլ նրան դարձնում է ժամանակի ամենահայտնի դերասանուհիներից մեկը:

Եթե ​​մինչ «Ընկերներ» սերիալի նկարահանումներն Էնիսթոնը նման էր «շարքային աղջկա»՝ բաց մազեր, հաստլիկ այտեր, ջինս և շապիկ, ապա հետագայում նա կտրուկ փոխում է կերպարը՝ կրելով ավելի բաց հանդերձանք և օգտագործելով ավելի շատ կոսմետիկա: Իսկ սանրվածքը բոլորովին այլ թեմա է. աղջիկներն ամբողջ աշխարհից տարիներ շարունակ կրկնօրինակել են այն:

Jennifer Aniston 2

1998 թվականին դերասանուհին ծանոթանում է Բրեդ Փիթի հետ։ 2 տարի անց զույգն ամուսնանում է Մալիբուում։ Ամուսինները հաճախ էին համատեղ լուքերով աչքի ընկնում: Ամուսնացած լինելով Փիթի հետ՝ Էնիսթոնը սկսեց միջոցառումներին հաճախակի հայտնվել ներքնազգեստ հիշեցնող զգեստներով։

Jennifer Aniston 3

Չնայած նրանց ամուսնությունը Հոլիվուդի համար լավագույն օրինակներից էր, զույգը 2005-ին հայտարարում է ամուսնալուծության մասին: Ու հանրությունն անհամբեր սպասում էր Ջենիֆերի՝ ամուսնալուծությունից հետո առաջին հայտնվելուն:

Նույն թվականի հոկտեմբերի վերջին Ջենիֆերը հայտնվեց «Դավաճանության գինը» ֆիլմի պրեմիերային։ Բոլորի հայացքները նրա վրա էին, քանի որ դերասանուհին ավելի էլեգանտ տեսք ուներ, քան երբևէ։ Այդ առիթով Էնիսթոնն ընտրել էր Chanel-ի բաց ոսկեգույն զգեստ՝ զարդարված փոքրիկ փայլուն ուլունքներով: Զգեստն անմիջապես անվանեցին «վրեժի զգեստ»։

Jennifer Aniston 4

2011 թվականին դերասանուհին սկսեց հանդիպել Ջասթին Թերուի՝ «Wanderlust»-ի իր գործընկերոջ հետ: Անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները Ջենիֆերի կերպարը դարձրին ավելի փակ ու էլեգանտ։ 

Jennifer Aniston 5

2015 թվականին զույգն ամուսնացավ: Արարողությունը գաղտնի էր, հարսանյաց զգեստը՝ համեստ փոքրիկ մի զգեստ:

Jennifer Aniston 7

2018 թվականին Էնիսթոնն ու Թերուն հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։ Ի տարբերություն նախորդ ամուսնալուծության՝ այս բաժանումից հետո Ջենիֆերը չկրեց բացահայտ «վրեժի զգեստ»:  Ընդհակառակը, նրա կերպարներն ավելի զուսպ էին դարձել։ Դերասանուհին վերջնականապես դարձավ էլեգանտության մարմնավորում։

Jennifer Aniston 8

Այնուհանդերձ, որքան էլ փոփոխվի Էնիսթոնի ոճը տարիների ընթացքում, նա շարունակում է մնալ  այն «պարզ աղջիկը», որին մենք հիշում, սիրում ու կրկնօրինակում ենք: 

Jennifer Aniston 9