Խաղաղ օվկիանոսում ջրի ջերմաստիճանը պարբերաբար բարձրանում է։ Դրա պատճառով կենդանիները մահանում են, և ծաղկում են թունավոր ջրիմուռները: Եվ մեղավոր է դրանում մարդը։
Գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են Խաղաղ օվկիանոսում ծովային ալիքների ջերմային ֆենոմենը. երևույթ, որի ժամանակ ծովի կամ օվկիանոսի որոշ հատվածներում ջրի վերին շերտի ջերմաստիճանը երկար ժամանակ բարձրանում է:
Նրանք նկատել են, որ Խաղաղ օվկիանոսում կա մի տարածք, որտեղ այդ երևույթը պարբերաբար տեղի է ունենում։ Գիտնականները մտահոգված են, որ ջերմաստիճանը կշարունակի աճել ապագայում՝ ավելացնելով ծովային ալիքների տաքացման թե՛ հաճախականությունը, թե՛ ինտենսիվությունը:
Նման տաքացման վերջին ալիքը տևել է երեք տարի (2019-ից մինչև 2021 թվականը). այդ ամբողջ ընթացքում ջրի ջերմաստիճանը միջինը 6ºС-ով բարձր է եղել ստանդարտից։
Գիտնականների հաշվարկները ցույց են տվել, որ երևույթի համար պատասխանատու են ջերմոցային գազերի մարդածին արտանետումները։ Առանց մարդու միջամտության նման ջերմային ալիքի առաջացման հավանականությունը 1%-ից էլ պակաս է:
Ջերմային ալիքների ամենավառ օրինակը The Blob-ն է, որը նկատվել է Խաղաղ օվկիանոսում 2014 և 2015 թվականներին: Դրա պատճառով ծովային միջավայրի արտադրողականությունը նվազել է, թունավոր ջրիմուռները ծաղկել են, զանգվածաբար ոչնչացել են ծովային թռչուններն ու կաթնասունները։ Այդ իրադարձությունը հանգեցրել է երաշտի ԱՄՆ-ի Արևմտյան ափին:
Ջրի միջին ջերմաստիճանի կտրուկ աճն էկոհամակարգերը մղում է իրենց հնարավորությունների վերջնագծին: Վտանգ կա, որ եթե նման ալիքները շարունակվեն, և միջին ջերմաստիճանն էլ ավելի բարձրանա, անդառնալի հետրանքներ կլինեն, և էկոհամակարգերն այլևս չեն կարողանա լիովին վերականգնվել։