Logo

Covid-19 կանոնների դեմ. վարսավիրանոց համերգասրահում և ֆիթնես՝ թանգարանում (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:00 / 21.01.2022Լրահոս

Covid19-2022

Նիդեռլանդների թանգարաններն ու թատրոնները բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ երկրի կառավարության սահմանած հակակորոնավիրուսային նոր սահմանափակումների։ Մեկ օրով մշակութային հաստատությունները վերածվել են վարսավիրանոցների ու մարզասրահների: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները թույլ էին տվել վարսավիրանոցներին, մատնահարդարման սրահներին և մարզասրահներին վերաբացվել՝ միայն հաճախորդների թվի սահմանափակման պայմանով։ Միաժամանակ արգելվել է բացել թանգարանները, թատրոնները, համերգային վայրերը, բարերն ու սրճարանները։ Մշակութային ոլորտի ներկայացուցիչները համաձայն չեն այս որոշման հետ՝ հայտարարելով «Թատերական վարսավիր» ակցիայի մասին։

Նախաձեռնությանը մասնակցել է շուրջ 70 կազմակերպություն։ Օրինակ՝ Ամստերդամի Վան Գոգի թանգարանում աշխատում էին մատնահարդարման վարպետները, վերապատրաստման և յոգայի դասընթացներ էին անցկացվում Ֆրանս Հալսի թանգարանի սրահներում, իսկ Կոնսերտգեբաու համերգասրահի այցելուները կարող էին կտրել իրենց մազերը հենց Ամստերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձի ժամանակ: