Logo

Սպալետին կարծում է, որ «Բարսելոնան» արժանի էր ոչ-ոքիի, սակայն 11-մետրանոց չկար

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:03 / 18.02.2022ՍՊՈՐՏ
Լուչանո Սպալետի

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին, մեկնաբանելով «Բարսելոնայի» հետ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը, նշել է, որ իր թիմը լավ տպավորություն թողեց։

«Կարծում եմ՝ առաջին խաղակեսում ապացուցեցինք, որ կարող ենք հավասար պայքար մղել «Բարսելոնայի» հետ։ Նրանք առավելություն ունեին ընդմիջումից հետո, բայց դա շտկվող խնդիր է։ Կարող ենք ամբողջ հանդիպումն անցկացնել այնպես, ինչպես դա արեցինք առաջին 45 րոպեներին։ «Բարսելոնայի» նկատմամբ ամենայն հարգանքով՝ պետք է նշեմ, որ նրանք արժանի էին ոչ-ոքիի, սակայն մեր դարպասին 11-մետրանոց չպետք է նշանակվեր։ Այդ դրվագում գնդակը չփոխեց ուղղությունը. այն դիպավ ոչ թե մեր խաղացողի մատների ծայրին, այլ ճկույթին։ Նրա ձեռքը նույնպես բավական բնական դիրքում էր։ Նման դեպքերում պաշտպանները կա՛մ պետք է անընդհատ թիկունքում պահեն ձեռքերը, ինչը սահմանափակում է նրանց շարժումները վազքի ժամանակ, կա՛մ էլ չգիտեմ, թե ինչ պետք է անեն։

Ինչպես նշեցի, «Բարսելոնան» արժանի էր հաշիվը հավասարեցնելուն, բայց դա 11-մետրանոց չէր»,- Սպալետիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Բարսելոնա»-«Նապոլի» հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ 29-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Պյոտր Զելինսկին։ Կատալոնական ակումբը պարտությունից խուսափել է 59-րդ րոպեին Ֆերան Տորեսի իրացրած 11-մետրանոց հարվածի շնորհիվ, որը նշանակվել է VAR համակարգով դրվագի ուսումնասիրությունից հետո։ Թիմերի պատասխան հանդիպումը փետրվարի 24-ին է։