Logo

Մահացել է GIF ֆորմատը ստեղծած Սթիվեն Ուիլհայթը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:05 / 24.03.2022Լրահոս
null

74 տարեկանում մահացել է Graphics Interchange Format-ի (GIF) ստեղծող Սթիվեն Ուիլհայթը։ Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Ուիլհայթի կնոջ՝ Քեթլինի հայտարարությունը և Megie Funeral Home կայքում տեղադրված մահախոսականը։

Ուիլհայթը մահացել է մարտի 14-ին՝ իր 74-ամյակից 11 օր անց։ Նրա կնոջ խոսքով՝ մահվան պատճառը եղել է կորոնավիրուսային վարակի հետևանքը։ Ուիլհայթի հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Օհայոյում։

GIF ձևաչափը Սթիվեն Ուիլհայթը մշակել է 1987 թվականին։ Այդ ժամանակ նա աշխատում էր CompuServe-ում։ Սկզբում ձևաչափը ստեղծվել էր պատկերները սեղմելու և ինտերնետ կապի՝ նույնիսկ ցածր արագության դեպքում դրանք ավելի արագ փոխանցելու համար: GIF-երը ժամանակի ընթացքում դարձել են սոցիալական ցանցերում զգացմունքներ փոխանցելու հիմնական մեթոդներից մեկը, ինչպես նաև օգտագործվում են մեմեր ստեղծելու համար։

2000-ականների սկզբին Ուիլհայթը թոշակի է անցել։ 2013 թվականին նա արժանացել է Webby Award մրցանակին՝ համացանցի զարգացման գործում ունեցած ավանդի համար։