Logo

Meta-ն՝ անբարեխիղճ մրցակցության սկանդալում․ Հարավային Աֆրիկան դատի է տվել մեդիա-հսկային

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:20 / 16.03.2022Լրահոս
Meta-2022

Meta-ն Հարավային Աֆրիկայում դատարանի առաջ կանգնի. երկրի Մրցակցային հանձնաժողովը համարում է, որ կառավարական GovChat ստարտափի և #LetsTalk-ի՝ WhatsApp Business API-ի գործածումն արգելափակելը հակամրցակցային է:

Ստարտափի հանդեպ անբարեխիղճ գործունեության մասին դիմումը 2021-ի մարտից ուսումնասիրող կարգավորիչ մարմինը Meta-ին (նախկինում՝ Facebook) առնչվող գործը հանձնել է  մրցակցային տրիբունալ, որն ուսումնասիրում է սահմանափակող մեթոդների կիրառման և գերիշխող դիրքի չարաշահման մասին բողոքները։

Կարգավորիչը հորդորում է Meta-ին ստիպել վճարել «առավելագույն տուգանք»՝ տեղական շրջանառության10%-ի չափով։

Հանձնաժողովը պնդում է, որ Meta-ն սպառնացել է արգելափակել GovChat-ի և #LetsTalk-ի մուտքն իր WhatsApp Business API 2020-ի հուլիսից: Հանձնաժողովը հավելում է, որ Meta-ն անարդար սահմանափակումներ է դրել ստարտափի տվյալների օգտագործման վրա՝ թույլ չտալով նորարարությունների և նոր ապրանքների, ծառայությունների զարգացման հնարավորությունները, որոնք կարող են մրցակցել Meta-ի արտադրանքների հետ:

Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը GovChat-ը գործարկել է 2018-ին՝ որպես քաղաքացիների ներգրավման հարթակ, որն օգտագործում է WhatsApp Business API-ը՝ իրական ժամանակում հաղորդակցությունը հեշտացնելու համար: Ըստ կառավարության՝ այժմ այն ​​ունի 8,7 միլիոն ակտիվ օգտատեր և ավելի քան 582 միլիոն մշակված հաղորդագրություն:

Քաղաքացիների խնդիրների, նախազգուշացումների և բողոքների հարթակ հանդիսանալուն զուգահեռ կառավարությունը GovChat-ն օգտագործում էր սոցիալական բնույթի դիմումները մշակելու համար, ներառյալ՝ COVID-19 համաճարակի ժամանակ աջակցության ծրագրերը: GovChat հարթակի միջոցով ներկայացվել է ավելի քան 13,3 միլիոն հայտ։

Մեղադրող կողմի դատական հայցը ներկայացվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ աֆրիկյան հինգ երկրների, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի, մրցակցային դիտորդական մարմինները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն, ի թիվս այլ գործառույթների, կնպաստի աֆրիկյան թվային հարթակների ստեղծմանն ու ընդլայնմանը խոչընդոտող խնդիրների լուծմանը: Համաձայնագրի մյուս կողմերն են Եգիպտոսը, Քենիան, Մավրիկիոսը և Նիգերիան։

Meta-ն TechCrunch-ին ուղարկված հայտարարության մեջ նշել է, որ «ոչ մի ապացույց չկա, թե WhatsApp-ը փորձել է շուկայից հեռացնել որևէ ընկերության կամ հակամրցակցային վարքագիծ դրսևորել»։ Ընկերությունը միաժամանակ շեշտել է՝ GovChat-ը մասնավոր բիզնես է, որը խախտում է սահմանված պայմանները, գրանցվում WhatsApp API-ում՝ առանց համարժեք գործընթացն անցնելու:

«Մինչդեռ դա պահանջվում է մեր ծառայությունից օգտվել ցանկացող բոլոր կազմակերպություններից։ WhatsApp-ը կպաշտպանի իր իրավունքը, կձեռնարկի ողջամիտ քայլեր՝ պաշտպանելու իր սեփական WhatsApp Business API-ն և շահերը»,- ասվում է Meta-ի հայտարարության մեջ:

Բացի այդ, Հարավային Աֆրիկայում WhatsApp-ի ներկայացուցիչն ասել է

«WhatsApp-ն օգնում է մարդկանց տրամադրել կարևոր տեղեկություններ վստահելի աղբյուրներից, և մենք տեղյակ ենք, թե ինչ դեր է խաղում այս ծառայությունը Հարավային Աֆրիկայի քաղաքացիներին իրենց կառավարության հետ կապելու գործում: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք աշխատել GovChat-ի հետ՝ միջազգայնորեն ճանաչված կարգավորող ստանդարտներով ծառայություն մատուցելու նպատակով:

GovChat-ը, սակայն, բազմիցս հրաժարվել է ենթարկվել քաղաքացիների և նրանց տեղեկատվության պաշտպանությանն ուղղված մեր քաղաքականությանը՝ գերադասելով առևտրային շահերը: Մենք կշարունակենք պաշտպանել WhatsApp-ը»։

Ամբողջ աշխարհում Meta-ն ենթարկվել է տարբեր ստուգումների հնարավոր հակամրցակցային վարքագծի համար: Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը պաշտոնական հակամենաշնորհային հետաքննություն է սկսել՝ գնահատելու, թե Meta-ի և Google-ի միջև կնքված «Jedi-Blue» ծածկանունով առցանց գովազդային ծառայությունների համաձայնագիրն արդյոք կարո՞ղ է խախտել ԵՄ մրցակցության կանոնները:

 «Jedi-Blue-ի՝ 2018-ի սեպտեմբերի համաձայնագիրը պահանջում էր Meta լսարանի ցանցի մասնակցությունը Google Open Bidding ծրագրին քայլ, որը կարող է պոտենցիալ բացառել գովազդային տեխնոլոգիաների այլ մատակարարների՝ առցանց գովազդի շուկաներում մրցակցության խեղաթյուրումը»,- նշել են Եվրահանձնաժողովում։

Այս ընթացքում Meta-ին դատի է տվել նաև ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը՝ պնդելով, որ սոցիալական մեդիա-հսկան անօրինական է պահպանում մենաշնորհը, հակամրցակցային գործողությունների է դիմում, ներառյալ Instagram-ի և WhatsApp-ի ձեռքբերումը գրեթե մեկ տասնամյակ առաջ: