Logo

NASA-ի 8 տիեզերական առաքելությունները․ դեպի Մարս, Լուսին և՝ ոչ միայն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:00 / 28.04.2022Լրահոս
NASA-mission

Նախատեսվում է նաեւ ուսումնասիրել Երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող աստերոիդը։

NASA-ն հայտարարել է 8 առաքելությունների երկարաձգման մասին, որոնք կօգնեն ընդլայնել գիտելիքներն Արեգակնային համակարգի օբյեկտների մասին և դրանից դուրս: 

Ստորև ներկայացնում ենք, թե ինչի մասին է խոսքը․

  1. Mars Odyssey (գործարկվել է 2001-ին)․ ուղեծրային ապարատը ժայռերի և սառույցի նոր ուսումնասիրություններ կանցկացնի մոլորակի մակերևույթի ներքո, ինչպես նաև կվերահսկի ճառագայթման մակարդակը և կլիման՝ միաժամանակ աջակցելով Մարսի վրա այլ հետազոտական սարքերի:
  2. MRO-ն (Mars Reconnaissance Orbiter, արձակվել է 2005-ին) ևս մեկ ուղեծրային սարք է, որը կշարունակի ուսումնասիրել Մարսի մակերեսի էվոլյուցիան, նրա երկրաբանությունը, մթնոլորտը և կլիման: Այն նաև կաջակցի այլ առաքելությունների:
  3. New Horizons (գործարկվել է 2006-ին), տիեզերանավը, որը մեզ ցույց է տվել Պլուտոնի նկարները, կշարունակի ուսումնասիրել Արեգակնային համակարգի հեռավոր տարածքները:
  4. LRO (Lunar Reconnaissance Orbiter, արձակվել է 2009-ին)  սարքը կշարունակի ուսումնասիրել Լուսնի մակերեսը և երկրաբանությունը: Այն կկարողանա աննախադեպ ճշգրտությամբ պատկերել բևեռներից հեռու գտնվող նոր շրջաններ՝ ներառյալ հավերժական խավարի խառնարանները՝ Արևից երբեք չլուսավորվող վայրերը, որոնք կարող են պարունակել սառցակալած ջուր: Սարքը օգտակար կլինի նաև արբանյակի վրա կրկին վայրէջք կատարելու հետագա փորձերում:
  5. MSL-ն (Mars Science Laboratory, մեկնարկել է 2011-ին) առաքելություն է, որի շրջանակում Curiosity մարսագնացն առաքվել է Կարմիր մոլորակ և արդեն 27 կիլոմետր անցել է Գեյլի խառնարանով։ Նա կշարունակի ուսումնասիրել մոլորակի վրա ջրի և կյանքի գոյության հնարավորությունը։ 
  6. MAVEN-ը (Mars Atmosphere and Volatile Evolution, գործարկվել է 2014-ին) կայան է, որն ուսումնասիրում է Մարսի մթնոլորտի կորուստը: Հաշվի առնելով, որ արեգակնային ակտիվությունը մոտենում է իր 11-ամյա ցիկլի գագաթնակետին, MAVEN-ի հետագա հետազոտությունները կխորացնեն մեր պատկերացումն այն մասին, թե մթնոլորտի վերին մասը և մագնիսական դաշտն ինչպես են փոխազդում Արեգակի հետ:
  7. OSIRIS-APEX (Origins, Spectral Interpretation, Resource Identification, Security-Regolith Explorer, գործարկվել է 2016-ին) ․ այս պահին OSIRIS-REx-ը վերադառնում է Երկիր Բեննու աստերոիդի նմուշներով, որոնք հավաքվել են 2020 թվականին: 2023-ին բեռի առաքումից հետո այն կվերանվանվի OSIRIS-APEX և կուղարկվի Ապոֆիս՝ հետազոտելու 370 մետրանոց աստերոիդը, որը Երկրի մոտով կանցնի 2029 թվականին։
  8. InSight-ը (Սեյսմիկ հետազոտությունների, գեոդեզիայի և ջերմային տրանսպորտի միջոցով ինտերիերի հետախուզում, մեկնարկած 2018 թվականին) միակ ակտիվ սեյսմիկ կայանն է Երկրից դուրս, որը կշարունակի ուսումնասիրել «մարսացնցումները»: Կայանի տվյալներն օգնում են գիտնականներին ավելի լավ հասկանալ Մարսի գործունեության և ձևավորման առանձնահատկությունները: