Logo

NFT-ն պայթեցնում է շուկան․ վաճառքն աճել է 21000%-ով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
19:57 / 11.03.2022Լրահոս
null

Համաձայն Nonfungible.com նախագծի համար L'Atelier-ի անցկացրած հետազոտության՝ չփոխարինվող  թոքենի (NFT) վաճառքն անցած տարի հասել է 17,6 միլիարդ դոլարի, ինչը 21000 տոկոսով ավելի է 2020-ի համեմատ, երբ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 82 միլիոն դոլար:

NFT-ներն էլեկտրոնային ակտիվներ են, որոնք պահվում են բլոկչեյնում և պարունակում են տեղեկություն, թե ում է պատկանում որոշակի թվային ապրանքը, օրինակ՝ պատկերը կամ համակարգչային խաղի ավատարը: Անցյալ տարի այս շուկան պայթեց և սկսեց ռեկորդներ սահմանել. Beeple նիկով նկարիչն իր ստեղծագործություններից մեկը 69 միլիոն դոլարով վաճառեց Christie's թ աճուրդում, իսկ հանրահայտ դարձած «Bored Ape Yacht Club»-ի հավաքածուն գրավեց հայտնիների ուշադրությունը՝ սկսած հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնից մինչև ռեփեր Սնուփ Դոգ։

Nonfungible.com-ի տվյալներն ավելի ցածր են որոշներից, օրինակ՝ Chainalysis-ի բլոկչեյն-վերլուծաբանները 2021-ին NFT շուկան գնահատել են ավելի քան 40 միլիարդ դոլար: Nonfungible.com-ի համահիմնադիր Գոթյե Ցուպինգերը դա բացատրել է վիճակագրական հաշվառման մեթոդների առանձնահատկություններով. զեկույցում ներառված են եղել միայն NFT-ների պաշտոնական վաճառքները՝ առանց բիզնեսի«գորշ»  մեթոդների, ինչպիսիք են գներն արհեստական բարձրացնելու նպատակով սեփական թոքենների ներդրումը:

Ըստ այդ տվյալների՝ 2021-ին NFT-ի կրիպտո դրամապանակների թիվը կազմել է 2,5 միլիոն՝ մեկ տարի առաջվա 89 հազարի դիմաց։ Թոքենների գնորդների թիվը 75000-ից հասել է 2,3 միլիոնի: Պարզվեց, որ թվային ակտիվները շահավետ ներդրում են. անցած տարի ներդրողները դրանցից վաստակել են 5,4 միլիարդ դոլար, իսկ 470 կրիպտո դրամապանակ վաստակել է ավելի քան 1 միլիոն դոլար։ Ամենահայտնի NFT կատեգորիան կոլեկցիոն պատկերներն են՝ 8,4 միլիարդ դոլարի վաճառքով։Երկրորդ տեղում խաղային այնպիսի թոքեններն են, ինչպիսին է Axie Infinity-ը՝ 5,2 միլիարդ դոլարի վաճառքով:Վերջապես ակտիվացել է գործունեությունն այսպես կոչված՝ մետատիեզերքում, որտեղ վիրտուալ երկրի և այլ օբյեկտների վաճառքը հասել է 514 միլիոն դոլարի:

Ակնկալվում է, որ այս տարի NFT շուկան կշարունակի աճել: Մինչ օրս վաճառքի ծավալները շաբաթական միջինը 687 մլն դոլար են։ Ակնկալվում է նաև խոշոր խաղացողների մուտքը շուկա։