Logo

Omicron. Ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր շտամի մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 03.12.2021Լրահոս
262090490 193467579641787 258331888925274057 n - Omicron. Ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր շտամի մասին

Կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամը, որը հայտնաբերվել է նոյեմբերի կեսերին Հարավային Աֆրիկայում, արդեն հասցրել է ներթափանցել Իսրայել և Հոնկոնգ, որտեղ գրանցվել են վարակի մեկուսացված դեպքեր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն անվանել է հունարեն «օմիկրոն» տառի անունով:

Բրիտանացի հետազոտող Թոմ Փիքոքի խոսքերով, նոր շտամն ունի ««հասկ» սպիտակուցի մուտացիա»: Միևնույն ժամանակ, ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկհովեն նշել է, որ նոր շտամի ուսումնասիրության համար մասնագետների հանդիպումը չպետք է դիտարկվի որպես «տագնապային ազդանշան», քանի որ դա ստանդարտ ընթացակարգ է։

Որոշ երկրներ արդեն ձեռնարկել են միջոցներ, որոնք արտացոլում են իրենց լուրջ մտահոգությունները։

Որտե՞ղ է հայտնաբերվել

B.1.1.529 շտամն առաջին անգամ մուտքագրվել է տվյալների բազա նոյեմբերի 11-ին։ Նոր շտամով վարակման առաջին դեպքը գրանցվել է Բոթսվանայում (պետություն Աֆրիկայում), որին հաջորդել են ևս մի քանի դեպք՝ Հարավային Աֆրիկայում:
Ավելի ուշ վարակման դեպքեր են գրանցվել նաև Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Հոնկոնգում և Բելգիայում։ Չեխիայի և Գերմանիայի իշխանությունները հայտնում են, որ նոր շտամով կարող են վարակվել նաև Եգիպտոսից և Հարավային Աֆրիկայից ժամանած իրենց քաղաքացիները։

Որո՞նք են նոր շտամի առանձնահատկությունները

Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը՝ B.1.1.529-ն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում:

Լոնդոնի համալսարանական քոլեջի գենետիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ֆրանսուա Բալլոյի խոսքով, նոր շտամը կարող էր առաջանալ թույլ իմունային համակարգով մարդու մարմնում:  Կորոնավիրուսային վարակի քրոնիկական ընթացքը, որին իմունային համակարգը չի կարողացել դիմակայել, կարող է թույլ տալ, որ հիվանդի օրգանիզմում վիրուսը երկար ժամանակ միանգամից մեծ քանակությամբ մուտացիաներ կուտակի։

Նախազգուշական միջոցներ

Իսրայելի, Սինգապուրի, Մեծ Բրիտանիայի իշխանությունները արգելված երկրների ցանկում ավելացրել են Հարավային Աֆրիկան, Լեսոթո (պաշտոնապես Լեսոթոյի թագավորություն), Բոթսվանան, Զիմբաբվեն, Մոզամբիկը, Նամիբիան և Էսվատինին (փոքր երկիր է Հարավային Աֆրիկայում)։ Այս երկրներից օտարերկրացիները չեն կարողանա մուտք գործել Իսրայել, և այնտեղից վերադարձող բոլոր իսրայելցիները, ներառյալ երրորդ դեղաչափով պատվաստվածները, հյուրանոցներում 7-10 օր կարանտին կանցնեն։ Դիտարկվում է նաև այդ երկրներից դեպի Իսրայել և Իսրայելից դեպի այդ երկրներ թռիչքների անհապաղ դադարեցման հարցը։

Ռուսաստանում նոր շտամ դեռ չկա

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր շտամ դեռ չի հայտնաբերվել, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական ​​խմբի ղեկավար Կամիլ Հաֆիզովը։ Նրա խոսքով՝ ռուսական թեստային համակարգերն ի վիճակի են ճանաչել կորոնավիրուսի նոր տարբերակը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը: Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամերից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։
Հայաստանում ևս «օմիկրով» շտամով վարակվածներ դեռ չկան: