Logo

ՌԴ-ն արտերկիր փոխանցումների սահմանաչափը 50 000-ից հասցրել է ամսական 150 հազար դոլարի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:23 / 08.06.2022Լրահոս
ՌԴ - դրամական փոխանցումներ

Հունիսի 8-ից Ռուսաստանի ռեզիդենտ անձինք կարող են ամսական մինչև 150 հազար ԱՄՆ դոլար փոխանցել օտարերկրյա բանկում իրենց սեփական հաշվին կամ արտասահմանում գտնվող այլ անձի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկը։

Նույնքան գումար կարող են արտասահման փոխանցել նաև ոչ ռեզիդենտները՝ «բարեկամ» երկրներից եկած ֆիզիկական անձինք։

Մինչ այս Ռուսաստանի ռեզիդենտների և «բարեկամ երկրներից» ոչ ռեզիդենտների համար արտերկիր փոխանցումների սահմանաչափն ամսական 50 հազար դոլար էր։

Ռուսաստանում աշխատող «անբարյացակամ» երկրներից ոչ ռեզիդենտներն առաջվա նման կարող են արտասահման փոխանցել միայն իրենց աշխատավարձի չափով միջոցներ։ Ուժի մեջ է մնացել նաև իրավաբանական անձանց՝ արտասահման փոխանցումների արգելքն այն երկրներից, որոնք աջակցել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Սահմանափակումները գործում են մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Կենտրոնական բանկը արժութային սահմանափակումներ է մտցրել 2022 թվականի մարտի սկզբին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո։ Սկզբում արտասահման փոխանցումները սահմանափակվում էին ամսական հինգ հազար դոլարով։ Ապրիլին այդ սահմանաչափը բարձրացվեց մինչև 10 000 դոլարի, իսկ մայիսի կեսերին՝ 50 000-ի: