Logo

Ռուբլին վերսկսել է անկումը. դոլարի փոխարժեքը հասել է 105 ռուբլու, եվրոյինը՝ 116

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:43 / 02.03.2022Լրահոս
Rub currency

Ռուբլու փոխարժեքը վերսկսել է անկումը մարտի 2-ին Մոսկվայի բորսայում սակարկությունների սկզբում տեղի ունեցած շտկումից հետո։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Մոսկովյան բորսայում արժույթի առուվաճառքը սկսվել է դոլարի նկատմամբ ռուբլու կտրուկ ամրապնդմամբ։ Դոլարն արժեր 94 ռուբլի։ Սակայն դրանից հետո ռուբլին սկսել է արժեզրկվել։

Առքուվաճառքի առաջին 40 րոպեների արդյունքում դոլարի փոխարժեքը հասել է 105,12 ռուբլու (+3,89 ռուբլի նախորդ առևտրային շրջանի փակման մակարդակի համեմատ), եվրոյինը՝ 116 ռուբլու (+3,51 ռուբլի՝ նախորդ օրվա համեմատ)։

Փետրվարի 28-ի առավոտյան Մոսկովյան բորսայում սկսված առուվաճառքի սկզբում ռուբլու նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները հասել էին պատմական նոր առավելագույնի։ Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը սակարկությունների ընթացքում հասել է 109,18 ռուբլու, եվրոյի փոխարժեքը միևնույն ժամանակ հասել է 122 ռուբլու։

Փետրվարի 28-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցները՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Դրանք ներառում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների սառեցում և ռուսական որոշ բանկերի անջատում SWIFT համակարգից։

Պատժամիջոցներին հակազդելու շրջանակում Ռուսաստանի բանկն արդեն հայտարարել է հիմնական տոկոսադրույքի արտակարգ բարձրացման մասին՝ տարեկան 9,5%-ից մինչև 20%: