Logo

Ռուսական ընկերությունները ստվարաթղթի պակաս ունեն․  փաթեթավորումը խնդիր է դարձել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:42 / 14.06.2022Լրահոս
փաթեթավորում ՌԴ-ում

Կաթնամթերքի ռուսաստանյան արտադրողներն այլևս չունեն փաթեթավորման համար բավարար ստվարաթուղթ։

Ռուսաստանում կաթնամթերք արտադրողները դժգոհում են փաթեթավորման համար ստվարաթղթի բացակայությունից և օգնություն են խնդրել իշխանություններից խնդրի սրությունը նվազեցնելու համար։ «Կոմերսանտն» այսօր, հղում անելով ոլորտի աղբյուրներին, գրում է.

Անցյալ շաբաթ տեղի է ունեցել Պետդումայի ագրարային հարցերով հանձնաժողովի նիստը, որին ելույթ են ունեցել «Սոյուզմոլոկո»-ի (որը միավորում է Danone, PepsiCo, Ekoniva, Molvest և այլն) ներկայացուցիչները։ Մասնավորապես, նրանք պատգամավորներին առաջարկել են հարցում ուղարկել ՌԴ առևտրաարդյունաբերության նախարարություն մինչև տարեվերջ ստվարաթղթի ամենամսյա արտադրության պլանների վերաբերյալ։

Նշվել է, որ նման տեղեկատվության դեպքում ընկերությունների համար ավելի հեշտ կլինի պլանավորել իրենց գործունեությունը և բանակցել գնորդների հետ։ Մինչդեռ ներկա պայմաններում արդեն ստեղծվել են իրավիճակներ, երբ փաթեթավորում արտադրողը չի կարողացել այն ժամանակին հասցնել, քանի որ անհրաժեշտ ստվարաթուղթ չի ստացել։

Հրապարակման աղբյուրները պնդում են, որ ընդհանուր առմամբ երկրում պակասում է ստվարաթղթի մոտ 30 տոկոսը։ Ընդ որում, ռուսական ստվարաթուղթը միշտ չէ, որ որակյալ է և հաճախ չի համապատասխանում արտադրանքի պահպանման ժամկետի պահանջներին: Միաժամանակ, արտադրության տեխնոլոգիայի պատճառով որոշ ապրանքներ հնարավոր չէ տեղափոխել ապակե կամ պլաստմասե տարաներ։