Logo

Ռուսական ԶԼՄ-ներին արգելվել է ցուցադրել Meta-ի, Facebook-ի և Instagram-ի լոգոները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:35 / 22.03.2022Լրահոս
Meta- Facebook- Instagram

«Ռոսկոմնադզորը» պարզաբանել է Facebook-ի և Instagram-ի սեփականատեր Meta հարթակը «ծայրահեղական կազմակերպություն» ճանաչելու հետևանքները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գործակալության մամուլի ծառայությանը։

Ըստ այդմ՝

  • Ռուսական լրատվամիջոցները չպետք է ցուցադրեն Meta-ի և նրա սոցիալական ցանցերի՝ Facebook-ի և Instagram-ի լոգոները.
  • Ռուսական ԶԼՄ-ները պետք է Meta-ն որակեն որպես երկրում արգելված կազմակերպություն.
  • Facebook-ը և Instagram-ը կհեռացվեն Ռուսաստանում սոցիալական ցանցերի ռեգիստրից.
  • Meta-ն դուրս կմնա Ռուսաստանի Դաշնության ինտերնետային տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների ցանկից։

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ եթե Meta-ն արգելվի, ապա Facebook-ի և Instagram-ի ռուս օգտատերերը չեն պատժվի արգելափակումը շրջանցելու համար։

  • Մարտի 21-ին Մոսկվայի Տվերսկոյի շրջանային դատարանը Meta-ն հայտարարեց «ծայրահեղական կազմակերպություն» և արգելեց Ռուսաստանում նրա Facebook և Instagram սոցիալական ցանցերի գործունեությունը։ Դատարանը պարզաբանեց, որ սահմանափակումները չեն ազդել WhatsApp մեսենջերի վրա։ Facebook-ը և Instagram-ը Ռուսաստանում արգելափակվել էին դեռևս մարտի 4-ին և 14-ին։
  • Գլխավոր դատախազությունը պահանջել է Meta-ն ճանաչել «ծայրահեղական կազմակերպություն» այն բանից հետո, երբ ընկերությունը Facebook-ում և Instagram-ում դադարեցրեց հեռացնել որոշ երկրներում ռուս զինվորականների դեմ ուղղված սպառնալիքներն ու բռնության կոչերը, ինչպես նաև Վլադիմիր Պուտինին և Ալեքսանդր Լուկաշենկոյին մահ ցանկանալու գրությունները (Մարտի 14-ին Meta-ն արգելել է նախագահներին մահ ցանկանալու մասին գրառումները): 
  • Ռուսաստանում Meta-ի աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել ծայրահեղականության հրապարակային կոչեր անելու համար։