Logo

Շվեդիան հրաժարվել է արբանյակ արձակել ռուսական հրթիռով 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:00 / 16.03.2022Լրահոս
MATS արբանյակ

Շվեդիան հրաժարվել է արձակել իր MATS գիտական արբանյակը ռուսական «Союз-2.1б» հրթիռով: Այդ մասին Gazeta.Ru-ին հայտնել է Շվեդիայի ազգային տիեզերական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Յոհան Մարկոպուլոսը։

«MATS-ը նախատեսվում էր արձակել ռուսական օդերևութաբանական արբանյակով (Meteor-M 2-3) «Վոստոչնի» տիեզերակայանից սկզբում 2021-ի վերջին, այնուհետև՝ 2022-ի: Վերջերս մենք որոշեցինք փոխել ծրագրերը և փնտրել այլ հրթիռ մթնոլորտի վերին հատվածն ուսումնասիրելու նպատակով MATS-ը հարկավոր դիրքի դուրս բերելու համար։
Նոր հրթիռի ընտրության մասին որոշում չի կայացվել, փոփոխությունը կարող է հետաձգել արձակումը, սակայն որոշումն ընդունվել է արբանյակի համար պատասխանատու գիտական կազմակերպության հետ խորհրդակցելուց հետո»,- ասել է Մարկոպուլոսը։

50 կիլոգրամանոց «Mesospheric Airglow/Aerosol Tomography and Spectroscopy» արբանյակը պետք է աշխատի ուղեծրում 2 տարի և օպտիկական մեթոդով ուսումնասիրի մթնոլորտային առանձին գազեր:

«MATS տիեզերանավի մեկնարկը նախատեսված է այս տարվա վերջին՝ որպես դաշնային տիեզերական առաքելության մի մաս: Այս պահին պատվիրատուից արձակումը չեղարկելու մասին պաշտոնական ծանուցումներ «Գլավկոսմոսը» չի ստացել»,- հայտնել է Roskosmos-ի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 25-ին Եվրամիությունը ֆինանսական և տեխնոլոգիական սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական, էներգետիկ, ավիաշինական և տիեզերական ոլորտներում ռուսական ընկերությունների նկատմամբ։ Ի պատասխան Roskosmos-ը դադարել է անդամակցությունը ֆրանսիական Գվիանայի տիեզերակայանից հրթիռների համատեղ արձակման կազմակերպմանը, իսկ ավելի ուշ չեղարկվել է եվրոպական OneWeb արբանյակների արձակումը Բայկոնուրից։ Կասկածի տակ է դրվել 2022 -ի սեպտեմբերին եվրոպացիների հետ համատեղ ExoMars առաքելության կատարումը։