Logo

Սկանդալ. Իլոն Մասկի դեմ 258 միլիարդ դոլարի հայց է ներկայացվել «կրիպտոբուրգին» մասնակցելու համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:09 / 17.06.2022Լրահոս
Իլոն Մասկ-դատական հայց

Իլոն Մասկին և նրա Tesla ու SpaceX ընկերություններին դատի են տվել Dogecoin կրիպտոարժույթը գովազդելու համար: Հայցվորը համարել է, որ այն արժեք չունի և միջոցների կորստի պատճառով 258 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջում։

Ամերիկացի Քիթ Ջոնսոնը դատի է տվել Իլոն Մասկին և նրա SpaceX և Tesla ընկերություններին՝ ենթադրելով, որ իրեն խաբել են «Dogecoin ֆինանսական բուրգով»․ նրա կարծիքով՝ մեղադրյալները զբաղված են «ռեկետով»՝ այդ կրիպտոարժույթի գինն ուռճացնելով, հայտնում է Bloomberg-ը։ .

«Նրանք խաբեությամբ պնդում են, որ Dogecoin-ն օրինական ներդրում է, այնինչ այն ընդհանրապես արժեք չունի»,- ասել է Ջոնսոնը Մանհեթենի դաշնային դատարան ներկայացված բողոքում:

Հայցվորը 86 միլիարդ դոլարի կորստի համար վնասի եռակի փոխհատուցում  է պահանջում և փաստաթուղթ, որը Մասկին և նրա ընկերություններին կարգելի Dogecoin-ի առաջմղումը և դրա առևտուրը կհայտարարի որպես մոլախաղ: Ջոնսոնը մտադիր է դատարանում ներկայացնել նրանց, ովքեր գումար են կորցրել Dogecoin առևտրի պատճառով 2019 թվականի ապրիլից:

Dogecoin-ը, որը գործարկվել է 2013 թվականին, Իլոն Մասկի սիրելի կրիպտոարժույթներից մեկն է, և նա, իսկապես, մեկ անգամ չէ, որ քարոզել է դրա տարածումը, այդ թվում՝ իր ելույթներում ու հրապարակումներում։ Վերջերս հայտնի դարձավ, որ ձեռնարկատերը նախատեսում է Հոլիվուդում բացել 24-ժամյա Tesla ռեստորան՝ drive-in կինոթատրոնով, որտեղ հնարավոր կլինի վճարել նաև այս կրիպտոարժույթով։