Logo

Sony PlayStation-ին 280 մլն ռուբլու հայց են ներկայացրել Ռուսաստանում աշխատանքի դադարեցման պատճառով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:19 / 30.05.2022Լրահոս
Sony PlayStation-ՌԴ

Հայցվորները պահանջում են բարոյական վնասի փոխհատուցում 10 մլն ռուբլու չափով՝ յուրաքանչյուրի համար, ինչպես նաև վերականգնել PlayStation Store-ի հասանելիությունը և խաղեր գնելու հնարավորությունը: Sony-ն մարտի 10-ից դադարեցրել է խաղերի և կոնսոլների վաճառքը ՌԴ-ում։

28 անձ կոլեկտիվ հայց է ներկայացրել Մոսկվայի Խորոշևսկի դատարան ընդդեմ Sony PlayStation-ի՝ Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու պատճառով՝ պահանջելով 280 մլն ռուբլի փոխհատուցում, գրում է «Վեդոմոստին»՝ հղում անելով հայցադիմումի տեքստին և «SSP-consult»-ում վեճերի լուծման ու իրավական աջակցության ավագ իրավաբան Ստանիսլավ Իսակովին, որը ներկայացնում է նրանց դատարանում.

Sony Interactive Entertainment ընկերությունը մարտի 10-ից դադարեցրել է PlayStation խաղային կոնսոլների, ինչպես նաև ծրագրային ապահովման և սարքավորումների վաճառքը Ռուսաստանում։ Հայցվորներն հայտարարության մեջ խնդրում են իրենց թույլ տալ մուտք գործել PlayStation Store, վերադարձնել ծրագրային ապահովման հնարավորությունը՝ ներառյալ խաղերը գնելը, և փոխհատուցել ոչ նյութական վնասը։ Պահանջվող փոխհատուցման չափը կազմում է 280 մլն ռուբլի։

Ըստ Իսակովի՝ Sony-ի արտադրանքի օգտագործման պայմանները, ինչպես նաև Ռուսաստանի օրենսդրությունը չեն նախատեսում ծառայությունից հրաժարում՝ կապված «օգտատերերի գտնվելու վայրի, պետության ներքին և արտաքին քաղաքականության հետ»: Նա նաև նշել է, որ ընկերության կողմից ծառայությունների մատուցման միակողմանի հրաժարումը հակասում է իր իսկ կանոններին և կոպտորեն խախտում է օգտատերերի իրավունքները։

Sony PlayStation-ի օգտատերերին դատարանում ներկայացնող Իսակովը պարզաբանել է, որ նման գործերը դեռ նոր են ռուսական դատարանների համար, և հայցերը նույնիսկ դժկամությամբ են ընդունվում քննարկման: Նրա խոսքով՝ Netflix-ի դեմ հայցը հետ է վերադարձվել առանց քննարկման։